Մեկնարկել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը:

Այսօր ատեստավորումն անցկացվել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: Քննությանը մասնակցել է հայտագրված մարզիչ-մանկավարժներ շուրջ 60 տոկոսը։

Քննության ընթացքին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծել է՝ քանի որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար կամավոր ատեստավորումն անցկացվում է առաջին անգամ, պետք է խրախուսել մանկավարժների ակտիվ մասնակցությունը։

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն անցկացվել է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:


Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 30-ին, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում ատեստավորում կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: