Պարարվեստի հարգելի՛ գործիչներ,

Այս օրը հրաշալի առիթ է մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից։

Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում էր զգացումի հետ՝ «Պարելը զգացում է, զգացումը տառապանք, տառապանքը սեր: Դուք սիրում եք, տառապում և զգում եք: Դուք պարում եք», իսկ ամերիկյան ժամանակակից պարի հիմնադիր Մարթա Գրեմը պարը համարում էր «հոգու թաքնված լեզու»։

Պարը մշտապես ուղեկցել է հայ մարդուն՝ արտացոլելով նրա ձգտումները, զգացումները, սերը ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը բազում ծրագրերով աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:

Սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո նշվող Պարի միջազգային օրը առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարած աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ստեղծագործական բերկրանքի բազում պահեր, նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։


Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի անունը, և այն ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից: