ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 24-րդ խաղերը, որոնց մասնակցում են շուրջ 25 պետական և ոչ պետական բուհերի 1500 ուսանողներ:

Ուսանողները մրցում են 12 մարզաձևերի 14 առաջնություններում: Արդեն կայացել են հրաձգության, բազկամարտի, շախմատի և ֆուտզալի առաջնությունները:

Հրաձգության առաջնությանը մասնակցել են 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Տղաների պայքարում թիմային հաշվարկում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է, իսկ եռյակը եզրափակել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Աղջիկների պայքարում թիմային հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանն է, իսկ երրորդ տեղում՝ Վանաձորի պետական համալսարանը:

Անհատական հաշվարկում լավագույն արդյունքը ցույց են տվել Սոնա Վարդանյանը (ՀՊՏՀ) և Եղիշե Ավագյանը (ԵՊՀ):

Մրցաշարը սպասարկել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մրցավարական խումբը:

ՀՀ Ուսանողական մարզական 24-րդ խաղերի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է նաև բազկամարտի առաջնությունը, որին 17 համալսարանների շուրջ 120 ուսանողներ են մասնակցել: Մրցաշարը սպասարկել է ՀՀ բազկամարտի ֆեդերացիայի մրցավարական խումբը:

Արագ և կայծակնային շախմատի առաջնություններն անցկացվել են ապրիլի 25-27-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մրցումներին մասնակցել են 14 համալարանների ավելի քան 100 մարզիկներ:

Աղջիկների թիմային պայքարում մրցանակակիրներ են դարձել՝ 1.ՀԱՀ, 2. ԵՊՀ, 3. ՀՌՀ: Տղաների պայքարում՝ 1. ՀՖԿՍՊԻ, 2. ԵՊՀ, 3. ԵՊԲՀ:

Հաղթող մասնակիցների պարգևատրումն իրականացրել են կանանց միջազգային գրոսմաստերներ Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը:

24-րդ Ուսանողական մարզական խաղերի ծրագրով մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին 10 թիմ է մասնակցում: Արդեն կայացել են առաջին տուրի հանդիպումները:

Նշենք՝ Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը կանցկացվի այս տարվա ապրիլից մինչև հունիս, իսկ աշնանային փուլը՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: