ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի՝ 2023 թվականի առաջին փուլը:

Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ-կրթություն կապերի ամրապնդմանը:

Մայիսի 2-ից 18-ը «ԴասԱրվեստ» ծրագրի առաջին փուլը կանցկացվի նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքների, Լերմոնտով, Սանահին գյուղերի, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի և ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի և Մալիշկա գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտների համար: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:

Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Բիբլիական լեռը», «Հայկական իմպրեսիոնիզմ», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնագետները:

«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:

Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը՝ նպաստելով զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կտրվի 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Կոտայքի մարզից: