ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ու կազմկոմիտեի համատեղ նիստը:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Կազմկոմիտեի նախագահ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և կարևորել նրանց ջանքերը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի գնահատման և հավուր պատշաճի կայացման համար:

Նիստի ընթացքում հաստատվել են հայտերի ընդունման ձևաչափին ներկայացվող պահանջները և գնահատման թերթիկի չափորոշիչները, նախանշվել են հայտերի գնահատման ժամկետները և մրցանակաբաշխության օրը, որը նախնական պայմանավորվածությամբ կլինի մայիսի վերջին:

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  • Գյուղատնտեսական գիտություններ (ներառյալ՝ կենսաբանական գիտություններ),
  • Ճարտարապետություն,
  • Մանկավարժական գիտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (ներառյալ՝ ռազմական գիտություններ):

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի մայիսի 2-ը ներառյալ: