ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման վերաբերյալ, որը նախատեսված է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:

Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պատգամավորներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Քննարկումն իրականացվել է հնացած, լքված և մասամբ քանդված տարածքների վերանորոգման միջոցով ժամանակակից շինություններ նախագծելու գործում մեծ փորձ ունեցող գերմանական Architects von Gerkan, Marg and Partners ընկերության ներկայացուցիչներ Շտեֆան Շյուցի և Քրիստիան Հելմունդի, ինչպես նաև Nüssli շինարարական ընկերության ներկայացուցիչ Հարալդ Դոշի հետ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ արդյունավետ քննարկման արդյունքում հաջորդ քայլերն ուղղված կլինեն ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման գործնական աշխատանքներին՝ գործընկերների փորձի համադրմամբ:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի հայեցակարգը: Այն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Դրանցից մեկը Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է՝ տեխնոլոգիական ուղղվածության բուհերի համար, որտեղ իրականացվելու է գիտահետազոտական գործունեություն: Մյուս՝ ամենամեծ կլաստերը նախատեսված է տեղակայել կրթական, սպայական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կամ միջպետական բուհերի համար: Եվ երրորդը արվեստի կլաստերն է: Ըստ Հայոցյանի՝ այն կտեղակայվի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում և նախատեսված է 1971 դասախոսի և 15204 ուսանողի համար: Որպես ենթակառուցվածքներ՝ կլինեն արվեստի համալսարան, արվեստի ավագ դպրոց, կինոթատրոն և այլն:

Կողմերը հաստատել են, որ պահպանված ենթակառուցվածքների արդիականացումը և գեղարվեստականացումը նպատակահարմար է, և աշխատանքները կիրականացվեն այդ ընդհանուր շրջանակի մեջ:

Գերմանացի գործընկերները ներկայացրել են իրենց փորձն աշխարհի տարբեր երկրներում պահպանված շինությունների հիման վրա նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ:

Ընկերության հայտնի աշխատանքներից են Չինաստանի ազգային թանգարանը, Դրեզդենի մշակութային պալատը, ինչպես նաև Մյունխենի համերգասրահը՝ Isarphilharmonie-ն, որի բացումը տեղի է ունեցել 2021 թ.: Այն կառուցապատվել է 1920-ականներից ժառանգություն մնացած տրանսֆորմատորների պահեստի վրա՝ պահպանելով պահեստի պատերը՝ որպես ժամանակակից համերգասրահի մուտք: Շինարարական աշխատանքները տևել են ընդամենը 3 տարի:
Շտեֆան Շյուտցը նշել է, որ ծրագրի իրականացման սկզբնական փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի հիման վրա ճարտարապետները հանդես կգան նախագծման և կառուցապատման առաջարկով:
Հանդիպման ընթացքում գերմանացի մասնագետներին ուղղվել են հարցեր նախագծման, շինարարական աշխատանքների մեկնարկի, կառույցների սեյսմիկ անվտանգության, կոնստրուկտիվ սխեմաների կիրառման վերաբերյալ:

Քննարկումից հետո կողմերն այցելել են ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի տարածք, որը նախատեսված է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Նախարարն ու հյուրերը տեղում ծանոթացել տեղանքին, պայմաններին, քննարկել նախագծային աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: