ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ:

Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը:

Փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Նախատեսվում է 18 ներկայացման ցուցադրություն։ Արտերկրի թատրոնները հանդես կգան 6 ներկայացմամբ. 2-ը կներկայացվի հանդիսատեսին, 4-ը՝ մասնագիտական քննարկումների շրջանակում:

Գյումրու միջազգային թատերական փառատոնի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշվում է

«Նախագիծը համահունչ է մշակույթի, մասնավորաբար ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթություններին։ Մշակույթի ապակենտրոնացում, համաչափություն և համընդգրկունություն. ահա այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ԿԳՄՍ նախարարությունը և որոնք ուղենշային են դարձել փառատոնի կազմակերպիչների համար։

Օրեր շարունակ Գյումրին ապրելու է լիարժեք և հագեցած թատերական կյանքով ներկայացումներ մայրաքաղաքից և արտերկրից, թատերական քննարկումներ և մասնագիտական բանավեճ, ժանրային հարուստ գունապնակ և թատերական գործիչների լայն ընդգրկում։ Սա ոչ միայն մշակութային, այլ նաև կրթական գործընթաց է ոլորտում իրենց քայլերը անող երիտասարդների համար։

Վստահ ենք, որ փառատոնային օրերը դառնալու են իսկական տոն գյումրեցի հանդիսականի, պրոֆեսիոնալ ոլորտի ներկայացուցիչների համար և մեծ հնարավորություն են ստեղծելու նաև քաղաքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու տեսակետից։ Կարծում եմ՝ մեզնից շատերը կօգտագործեն այս առիթը հավելյալ անգամ Գյումրի այցելելու և մշակութային կյանքին առնչվելու համար»։

Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, ներկայացումներ կլինեն նաև թատերական այլ հարթակներում. նախատեսված են բացօթյա ներկայացումներ: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն թատերական քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ:

«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակում նախատեսվում է իրականացնել «Երևանյան հատուկ ծրագիրը»՝ մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ՝ գյումրեցի հանդիսատեսի համար լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը:

Նշենք, որ փառատոնն իրականացնում է «Բարեկամ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: