Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ:

Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում ու թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել նաև Մալխաս Ամոյանը՝ կարիերայում երկրորդ անգամ արժանանալով այս կոչմանը: 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

Հայաստանի թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում 9:5 հաշվով պարտություն է կրել: Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկու ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էին Արսեն Հարությունյանն (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):