Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ):

Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր արծաթին՝ 214 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 165 կգ արդյունքով: Երկամարտում Մարտիրոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 363 կգ արդյունքով:

Պարգևատրմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: