Երևանում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:
Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, մրցահարթակը տրամադրվել է գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն ՝ երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ), իսկ Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:
Մրցումային վերջին օրվա հաղթողներին պարգևատրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ավելի վաղ Երևանում ավարտված առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրել է 6-րդ տեղը: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդ արդյունքն է ցույց տվել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աննա Ամրոյանը 81 կգ քաշայինների B ենթախմբում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում՝ 10-րդ: Կանանց թիմի կազմում բրոնզե մեդալին արժանացել է 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 9-րդ տեղում:
Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 10-ը ծանրորդներն էլ մեդալների են արժանացել Եվրոպայի առաջնությունում: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշային կարգում՝ Արա Աղանյանը, իսկ գերծանր քաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը: ԵԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել են 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել են հուշանվերների: