«Մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում շատ են թե՛ մեր անելիքները, թե’ այն, ինչ արդեն արել ենք, ուստի 20 րոպեն դժվար թե բավականացնի արված աշխատանքներն ամբողջությամբ ներկայացնելու համար: Ես կկենտրոնանամ մի քանի կարևոր շեշտադրումների վրա՝ հետաքրքրող այլ ուղղություններն ու մանրամասները թողնելով հարցուպատասխանին։

Մենք հաճախ ասում ենք, և երեկ էլ այս ամբիոնից վարչապետը նշեց, որ խնդիրների լուծման բանալին կրթության ոլորտում է: Նախորդ տարի մի անկյունաքարային աշխատանք ամփոփեցինք․ Ազգային ժողովը հաստատեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որը մեր կրթության ռազմավարությունն է, բոլորովին վերջերս էլ Կառավարությունն ընդունեց ռազմավարությունից բխող գործողությունների պլանը։ Այժմ ցանկացած քաղաքացի ում հետաքրքրում է՝ որն է պետության ռազմավարությունը կրթության ոլորտում և ինչպես է այն իրականացվելու, ինչ ժամկետներում, ունի այդ հարցերի պատասխանը։

Ռազմավարությունը մի շատ պարզ բան է ասում, որ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում, յուրաքանչյուր քաղաքացու պետք է հասանելի լինի որակյալ և միջազգայնորեն մրցունակ կրթությունը։ Կրթություն, որն առաջին հերթին պիտի դառնա նախաձեռնող, ազատ ու քննական մտածողությամբ քաղաքացու ձևավորման, հանրային հոգատարության, պետության ու իր բնակավայրի հանդեպ պատասխանատվության վարքականոնի հաստատմանն ուղղված։ Կրթության մասին այդ խոսակցությունն ու մեր անելիքն ուզում եմ սկսել առաջին հերթին մշակույթի, սպորտի և գիտության շուրջ խոսակցություններից, որոնք մեծ իմաստով հանրային կրթության և մարդկային կապիտալի զարգացման առանցքային բաղադրիչներ են։

Մի քանի օր առաջ Հուշարձանների պահպանության միջազգային օրն էր։ Մենք սիրում ենք ասել, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Իրոք, շուրջ 25 հազար մշակույթի անշարժ հուշարձաններ ունենք։ Այդ 25 հազար հուշարձանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական և նախնական ցանկերում ընդգրկված է 7-ը։ Չորսն ընդգրկվել է նախնական ցանկում՝ 1995-ին, երեքը՝ հիմնական ցանկում՝ 2000-ին։ Շուրջ քսան տարի որևէ հայտ չի ներկայացվել։ 25 հազար հուշարձանների ճնշող մեծամասնությունն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ, ինչը դրանց անխաթարության լուրջ խնդիրներ է առաջացնում։

Հաճախ մենք մեր երկրում ապրում ենք միջին զբոսաշրջիկի տրամաբանությամբ․ գիտենք միայն այն տեսարժան վայրերն ու հուշարձանները, որոնք առավելապես հայտնի են, չենք ճանաչում մեր հուշարձանների զգալի մասը։ Ու սա, այո՛, նաև կրթության խնդիր է, որը փորձում ենք լուծել նոր չափորոշչով, որտեղ կա նոր առարկա՝ «Ես և իմ հայրենիքը», որտեղ հայրենիքը նույնանում է պետության հետ, երեխային կապում է իր բնակավայրին, իր պետությանը՝ սկսելով ամենապարզ ճանաչողությունից, հայրենագիտական արշավներից։

Իսկ մշակութային ժառանգության մասով նախաձեռնել ենք, որ ամեն տարի ՅՈՒՆԵԿՍՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում հայտեր ներկայացվեն, ինչը պլանավորվել է նաև բյուջեով, այս տարի նախատեսված է վիշապաքարերի ավանդույթը ներկայացնող Տիրինկատարի վիշապաքարերի հայտի ներկայացումը։ Ոչ նյութական ժառանգության մասով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում 7 հայտեր ունենք, որոնցից չորսը գրանցվել են 2008-ից 2017-ին՝ տասը տարվա ընթացքում, և դրանից հետո շուրջ չորս տարում՝ 2019-ից մինչ այժմ երեք հայտ արդեն գրանցել ենք, մեկն էլ պատրաստում ենք։ Անցյալ տարի, օրինակ, աշխատել ենք «Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտի շուրջ, նախորդ տարիներին գրանցվել էին «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտերը։ Այս տարի պլանավորված է ներկայացնել «Գյումրիի դարբնության ավանդույթը», հաջորդ տարի՝ «Գինի, գիտելիք, հմտություն, ավանդույթ և փորձառություն», «Ջրի տոն. Տիրգան, Վարդավառ», «Տրնդեզ. նորապսակների և գարնան ավետաբեր տոնը Հայաստանում» հայտերը։

Միաժամանակ պիտի ընդգծեմ, որ վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները։ 2022-ին 11 հուշարձանների վերականգնման աշխատանքներ են կատարվել. 8 հուշարձանների վերականգնման և 3-ի վերականգման փաստաթղթերի կազմման աշխատանքներ ենք արել։ Այս նպատակով հատկացվել է շուրջ 195 մլն ՀՀ դրամ։ Այդ թվում՝ առանձնահատուկ ուշադրությամբ վերականգնվում են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները, ինչպես օրինակ՝ Լոռու և Տավուշի բերդերը, Դաշտադեմի և Ամբերդի ամրոցները։ Պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվում են շուրջ 10 հուշարձաններ, այդ թվում՝ Թալինի Կաթողիկե, Մայրավանք եկեղեցիները, Կարմիր կամուրջը։

Բայց հուշարձանների պահպանությունը, բացի պետական գործառույթ դիտարկելուց, պետք է դիտենք նաև սեփականատիրոջ և հանրային պատասխանատվության դաշտում։ Հուշարձան հանդիսացող շինության սեփականատերն օրենքով պարտավոր է հոգ տանել հուշարձանի պահպանման համար, ապահովել դրա անխաթարությունը, այնինչ ցավոք մեր փողոցներում կարելի է տեսնել դեպքեր, երբ հուշարձան շենքերը, գտնվելով մասնավոր սեփականատիրոջ ձեռքում, ուղղակի մատնված են անտերության։ Հետամուտ ենք լինելու, որ սեփականատերերն իրականացնեն օրենքից բխող իրենց պարտավորությունները՝ դիմելով իրավական դաշտի ողջ գործիքակազմին։ Այս տարի մենք նաև փոփոխություն իրականացրեցինք Հուշարձանների պահպանության մասին օրենքում, որով հուշարձան հանդիսացող շենքերի համար սեփականության վկայականում դա հստակ կամրագրվի՝ մեծացնելով վերահսկողության հնարավորությունը։ Նախաձեռնել ենք նաև մշակութային հուշարձանների կադաստրի վարումը, որ չնայած օրենքով նախատեսված էր, բայց երբևէ չի վարվել։

Նախորդ տարի միայն ԿԳՄՍՆ թանգարաններ այցելուների թիվը կազմել է 1.078.645, որը շուրջ 15 %-ով գերազանցում է 2021 թ. այցելությունները (970.300)։ Միաժամանակ թանգարաններում տոմսերի գինը տարիներ շարունակ ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև հիմա ունեինք, օրինակ, նույնիսկ 60 դրամ մուտքի տոմսի գին ունեցող թանգարան, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով։ Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից։ Մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված։ Այս տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը ԿԳՄՍՆ թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին, մյուս սոցիալական խմբերի համար կգործեն սոցիալական քաղաքականություններ, բայց միաժամանակ տոմսերի նվազագույն գինը, կարծում եմ, պետք է պակաս չլինի 1000 դրամից։ Ընթացքում է թանգարաններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման աշխատանքը։ Առաջիկայում նախատեսում ենք նաև անցնել թանգարանների միասնական կառավարման համակարգի՝ ունենալով միասնական բրենդավորում և մարքեթինգ։ Էապես վերանայելու ենք թանգարաններ և թատրոններ այցելության հնարավորություն տվող դպրոցական աբոնեմենտի ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ, միաժամանակ այս ծրագրի շահառուների թիվը 2021-ի համեմատ (207 000) աճել է շուրջ 30 %-ով՝ կազմելով 265 000։

Թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել է ռեկորդային՝ 1 մլրդ 284 մլն ՀՀ դրամ՝ 2021 թ․ շուրջ 300 մլն դրամի համեմատ։ Սրանով բարելավում ենք մշակութային հաստատությունների միջավայրն ու պայմանները, օրինակ՝ սառեցման համակարգ ենք տալիս, թատրոնն աշխատում է նաև ամռան ամիսներին, այդ բարելավման արդյունքում էլ հաստատությունների շուրջ 90 %-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ նախահամավարակային 2019 թվականի համեմատ։ Որոշ կառույցների եկամուտները գրեթե հավասարվել են պետական հատկացումների ծավալների 50 % և ավելիին։ Մեկնարկել ենք մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի իրականացման աշխատանքները՝ սկսելով Օպերայից, որը հիմնված է լինելու մշակութային հաստատության արտաբյուջետային եկամուտների գրանցման և դրանց ավելացած չափին համեմատ պետական հավելյալ դրամաշնորհ տալու վրա, ընդ որում, հրաժարվում ենք նաև առաջին կարգի դերասան, երկրորդ կարգի դերասան հաստիքային տրամաբանությունից՝ ստեղծագործական կազմի վարձատրությունը դիտելով ելույթավճարի տրամաբանության մեջ։ Նախագիծն այժմ շրջանառվում է։

Մշակութային և գեղարվեստական կրթության ոլորտում շարունակական կրթամշակութային նախագծերին ավելացել են նոր նախաձեռնություններ՝ «Դասարվեստ», «Արվեստանոցներ Տավուշի մարզում», «Մարզերի պատանի երաժիշտների համերգաշարեր», «Իմ սիմֆոնիկ»։ «Դասարվեստ» նախագծով Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներում, աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Ազգային պատկերասրահի գլուխգործոցներին։ 17 կրթամշակութային ծրագրերին մասնակցել է ավելի քան 660 դպրոցի 19000 աշակերտ։ Առաջին անգամ իրականացվել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։

Մշակույթն ու մշակութային կրթությունը կարևոր է, ավելին՝ մշակութային հաստատություն այցելությունը համարվում է կյանքի որակի կարևոր ցուցանիշ։ Այս իմաստով կուզեմ նշել, որ երեկ ՀՀ վարչապետը հնչեցրեց մարզերում կապիտալ ներդրումների ծավալների մասին տեղեկատվությունը։ Հավելեմ, որ բացի կապիտալ ներդրումներից, պետությունը մեծ ծավալի միջոցներ է հատկացնում մարզերում մշակութային ծրագրերի իրականացման համար։ 2018-2022 թվականներին այս նպատակով հատկացվել է ավելի քան 5,6 մլրդ դրամ, 1000-ից ավելի ծրագրեր են արվել։

Բայց առողջ մարմնում առողջ հոգի․ կարևոր է նաև մարմնակրթությունը։ Սպորտի մասսայականացման, դրանով իսկ առողջ ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման նպատակով կարևորում ենք մարզական ենթակառուցվածքների ձևավորումը։ Սրա շրջանակում միայն իրականացնում ենք ավելի քան 12 մարզադպրոցների և մարզական կառույցների կառուցման աշխատանքներ՝ Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Արթուր Աբրահամի, Հեծանվային սպորտի, Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության, միայն 4 ֆուտբոլային դպրոցի կառուցման համար էլ բառացիորեն տարեվերջին ավելի քան 2,5 մլրդ դրամ հատկացրեցինք ֆեդերացիային։ Կարևոր է, որ ոչ միայն ուղղակի մարզադպրոց ենք կառուցում կամ վերակառուցում, այլ կառուցում ենք մեր անվանի մարզիկների անուններով մարզադպրոցներ, ինչը լրացուցիչ խթան է երեխաների համար՝ հաճախել այդ մարզադպրոց, շփվել անվանի մարզիկի հետ, նրանից օրինակ վերցնել, մարզվել։ Նաև 68 մարզական կազմակերպության տրամադրվել է բոլորովին նոր 98 անուն մարզագույք՝ 280.632.201 ՀՀ դրամ արժողությամբ: Մարզագույքը հատկացվել է հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին՝ անկախ ենթակայությունից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին:

Մի քիչ հայտնի տեղեկատվություն ներկայացնեմ․ հանրակրթության նոր չափորոշչով ֆեդերացիաների հետ համագործակցությամբ հատուկ ուղղվածության ֆիզկուլտուրայի ծրագրեր ենք ներդրել դպրոցներում՝ Շիրակի մարզում՝ դահուկասպորտի, Գեղարքունիքում՝ ֆուտբոլի, նաև ալպինիզմի դասերով։ Կրեդիտային համակարգով նաև մեր երեխաները ստացել են հնարավորություն ֆիզկուլտուրային կրեդիտը բերել մարզադպրոցներից։ Միայն այս տարի շուրջ 30 դպրոցների մարզադահլիճներում կավարտենք կառուցման և վերակառուցման աշխատանքները։ Ավելորդ չի ասել, որ 300 դպրոցների ծրագրով բոլոր դպրոցները նաև մարզական ենթակառուցվածք են ձեռք բերում։

Էապես բարելավել ենք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի կազմակերպման որակն ու նաև ընդլայնել ենք մասնակիցների թիվը։ Նախորդ տարի 5 մրցաշարերին մասնակցել է 5219 մարդ, այս տարի անցկացված սեղանի թենիսի մրցաշարին արդեն իսկ նախորդ տարվա համեմատ 500-ով ավելի մասնակից ունեինք։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հեռանկարային և բարձր նվաճումներ ունեցող մարզիկների, մարզիչների խրախուսմանն ու աջակցությանը։ Նախորդ տարի սպորտային նպաստների ծրագիր ենք մեկնարկել Փարիզ 2024-ին պատրաստվելու համար, անվանական թոշակների և պատվովճարի ծրագրերն ենք իրականացնում, որոնք ենթադրում են ամսական գումարների վճարում։ Այսօր ունենք իրավիճակ, երբ երեք պարբերական ծրագրերով ամսական աջակցություն է ստանում 334 անձ՝ մարզիկ, մարզիչ, մերսող, բժիշկ, ընդ որում նրանցից․

1,000 հազ-ից ավելի ՀՀ դրամ (առանց հարկերի) – 2 անձ,

500 հազ-ից մինչև 1,000 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի) – 46 անձ,

200 հազ-ից մինչև 500 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի) – 152 անձ,

մինչև 200 հազ ՀՀ դրամ (առանց հարկերի) – 134 անձ:

Կրկնապատկել ենք տարեվերջյան պարգևատրումները, օրինակ, աշխարհի չեմպիոնի միանվագ պարգևատրումը 5 մլն-ից դարձել է 10 մլն դրամ և այդպես շարունակ։ Բացի դրանից՝ ավելացրել ենք «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման գումարը՝ հարկերի չափով, որպեսզի 5 մլն դրամն ամբողջությամբ հատկացվի լավագույնը ճանաչված մարզիկներին։ Ունենք մարզիկներ, այդպիսով, որ այս պետական խրախուսման քաղաքականության արդյունքում տարեվերջին միանվագ ստացել են ավելի քան 15 մլն դրամ, ինչ արդեն նշանակալի է՝ կենսական կարևոր հարցեր լուծելու և սեփական մարզավիճակի վրա կենտրոնանալու համար։

Զարմանալի չի, ուրեմն, որ նախորդ տարի Եվրոպայի և աշխարհի մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում 19 մարզաձևերի հավաքականների մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ, ինչը ավելի քան 30 %-ով գերազանցում է մինչ այս գրանցված լավագույն արդյունքը՝ 222 մեդալ 2019 թվականին։

2022-ին էական թափ է ստացել միջազգային մարզական խոշոր մրցաշարերը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու քաղաքականությունը. մայիսի 21-31-ը Երևանում անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 39 երկրի 219 մարզիկ: Հոկտեմբերի 13-17-ը Երևանում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 24 երկրներ ներկայացնող շուրջ 550 մարդ, այդ թվում՝ 450 մարզիկ: Հենց այս օրերին Երևանում ընթացքում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին շուրջ 370 մարզիկ է մասնակցում ավելի քան քառասուն երկրներից, և արդեն ունենք առաջին մեդալները, անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերի մրցելույթներին։ Ի դեպ, նիստից հետո հրավիրում եմ բոլորին համալիր՝ հետևելու մեր մարզիկների ելույթներին։

Մեր քաղաքացիները, և հատկապես երեխաները պետք է խրախուսվեն ոչ միայն զբաղվել սպորտով, առնչվել արվեստին ու մշակույթին, այլ նաև զարգացնել իրենց միտքը, զբաղվել գիտությամբ։ Այս տարի արդեն երրորդ անգամ կազմակերպել ենք Գիտության համադպրոցական փառատոնը՝ ավելի քան 80 նախագծերով, ընթացքում է Գիտության թանգարանի ստեղծումը՝ բուսաբանական այգու տարածքում։ 2022 թ․ սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացրեցինք «Սթարմուս» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը՝ շուրջ 200 գիտական, կրթական, մշակութային միջոցառում հանրաճանաչ գիտնականների, այդ թվում և 7 Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ Երևանում և մարզերում՝ ավելի քան 100000 մասնակցով։

Որպեսզի գիտությամբ զբաղվելը լինի գրավիչ, մեկնարկել է գիտաշխատողների աշխատավարձի փուլային բարձրացման ծրագիրը, որի մասին խոսեց նաև ՀՀ վարչապետը։ 2022 թվականի hունվարից բարձրացել է գիտական աշխատողների աշխատավարձը` 2021 թվականի վերջում իրականացված ատեստավորման արդյունքների հիման վրա՝ ըստ համապատասխան 5 տարակարգերի և գիտատեխնիկական աջակցող անձնակազմի 2 պաշտոնների: Ատեստավորման արդյունքը հաջողությամբ չեն հաղթահարել գիտաշխատողների շուրջ 18.4 % -ը։

Գիտության ոլորտում նախորդ տարի մեկնարկած դրամաշնորհային նոր ծրագրերով երկու առանցքային խնդիր ենք լուծում․ գիտության ոլորտի երիտասարդացման և գիտության միջազգայնացման։ Նախորդ տարի չորս նոր դրամաշնորհային մրցույթ ենք ամփոփել, որոնց արդյունքով ֆինանսավորվել է 86 ծրագիր` 1127,7 մլն դրամի չափով, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211 երիտասարդ (73.7 %, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2 %) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են:

Այս նույն ծրագրերով ունենք երկու ձևաչափ, երբ արտերկրից առաջատար գիտնականի մասնակցությունը և առաջնորդումը պարտադիր է՝ կամ հեռավար ձևաչափով, կամ ֆիզիկապես տեղափոխվելով Հայաստան։ Հեռավար ձևաչափով ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրներից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից՝ 9-ը հայազգի չեն, ծրագրով կա պարտավորություն՝ ՀՀ-ում արտերկրի գիտնականի համակարգմամբ ձևավորել գործող խումբ՝ ստորաբաժանում, այդ ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են) յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ: 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականների գիտական թեմաներ՝ 60 ամիս (3+2 տարի) տևողությամբ, 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով ողջ տևողության համար, յուրաքանչյուր թեմայում ներգրավված են մինչև 3 կատարողներ, որոնց քանակը 12 ամիս հետո կարող է համալրվել ևս 2 երիտասարդով: Մրցույթը պարբերական է, և, ըստ հնարավորության, ամփոփվելու է յուրաքանչյուր տարի 2 անգամ:

Մեծ ծավալի ներդրում է արվում գիտական կազմակերպությունների հետազոտական հզորությունների համալրման համար: Նախորդ տարի այս նպատակով հատկացվել է 2.97 մլրդ դրամ դրամաշնորհային միջոցներ (15 կազմակերպությունների), որի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 28 հետազոտական սարքավորում, այդ թվում՝ խոշոր (1 մլն ԱՄՆ դոլարից ավել արժեցող): Ներկայում ընթացքում են գնման գործընթացները։

Գիտության ոլորտի (ներառյալ ռազմարդյունաբերությունը) ֆինանսավորումը նշված ծրագրերի արդյունքում 2022 թվականին բացարձակ արժեքով կազմել է 29.78 մլրդ դրամ, որը նախորդ` 2021 թվականի ոլորտի ճշտված բյուջեի (19.80 մլրդ) նկատմամբ ավել է շուրջ 10 մլրդ դրամով (9.98 մլրդ) կամ 50.4 %-ով: Շարունակական քաղաքականության արդյունքում 2023-ին այն կկազմի արդեն 36.02 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 6.24 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի համեմատ (14.28 մլրդ) 2023-ին ոլորտի ֆինանսավորումը ավելացել է 21.74 մլրդ դրամով, այսինքն 150 % -ով կամ շուրջ 2.5 անգամ:

Ինչ ենք անում բուն կրթության համակարգում՝ թվարկածս ուղղություններով աշխատանքների, ըստ էության, որակյալ հիմքն ապահովելու համար։

Մենք շատ ենք խոսում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի մասին։ Նախորդ տարի ավարտել ենք աշխատանքները 24 դպրոցում և 46 մանկապարտեզում, այս պահին աշխատանքներն ընթանում են 165 դպրոցում և 125 մանկապարտեզում: Հիշեցնեմ, որ աշխատանքների ավարտը համարում ենք ոչ թե շինարարության ավարտը, այլ նաև ամբողջապես նոր գույքով հագեցումը, մանկապարտեզների դեպքում՝ նաև բացօթյա խաղահրապարակի հագեցումն անհրաժեշտ խաղասարքերով։ Մեր նպատակն է՝ ստանալ երեխաների որակյալ կրթության համար անհրաժեշտ ամբողջական ապահով, անվտանգ և հագեցած միջավայր։ Ընդ որում, խոսքը թե՛ ԿԳՄՍՆ, թե Տարածքային զարգացման հիմնադրամի, թե՛ Երևանի քաղաքապետարանի, թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին է։

Ուզում եմ շատ պարզ բացատրել․ ինչ խնդիր ենք լուծում այս ծրագրով։ Այս ծրագրով մենք լուծում ենք երկու հիմնական խնդիր:

Առաջինը գյուղական փոքր բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցն է՝ կրթահամալիրների ձևավորման միջոցով, որոնք դառնալու են համայնքային կենտրոններ՝ ապահովելով նախադպրոցական և դպրոցական կրթություն, իրականացնելով մեծահասակների կրթության ծրագրեր, ծառայելով իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր։ Ընդհանուր առմամբ նախատեսում ենք ունենալ 150 կրթահամալիրներ ողջ երկրում, որոնցից 40-ը՝ Սյունիքում, որոնք արդեն նախագծման փուլում են, շինարարությունը կմեկնարկի այս տարվա վերջին։ Սյունիքում պլանավորում ենք նաև երկու սմարթ կենտրոնների ստեղծում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ, որի դեպքում ոչ ֆորմալ և ֆորմալ կրթական ծառայությունները կգործեն համադրված՝ ընձեռելով զարգացման նոր հնարավորություններ։ Իհարկե, կապիտալ ծախսերի նման ավելացումը պահանջում է նաև շինարարական կարողությունների զարգացում, այս իմաստով հույս ունենք, որ մասնավոր շինարարական կազմակերպություններն էլ կզարգացնեն իրենց կարողությունները՝ նման ծավալի աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու համար։ Միաժամանակ պլանավորել ենք առաջիկայում այնպիսի խմբաքանակներով շինարարության մրցույթների հայտարարում, որպեսզի գործընթացը գրավիչ դառնա նաև արտերկրի խոշոր կազմակերպությունների համար։

Երկրորդ խնդիրն առավել վատ, սեյսմիկ առումով խոցելի վիճակում գտնվող խոշոր դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներն են։ Այս նպատակով մեր համատեղ աշխատանքային խմբերը շրջում են մարզերի և Երևանի ներկայացրած վատ վիճակում գտնվող դպրոցներում, տեղազննում են, այնուհետև դրա արդյունքում ընտրվում է առավել վատ վիճակում գտնվող և վերակառուցման ենթակա դպրոցները, որոնք ներառվում են ցանկում։

Առանձին աշխատանքներ են տարվել բոլոր դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ներդրման ուղղությամբ․2022 թվականի դրությամբ հանրապետության բոլոր 107 ավագ դպրոցներում և Տավուշի մարզի 80 դպրոցներում ներդրվել են լաբորատորիաներ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներով: Այս տարի լաբորատորիաներ կստանան Արմավիրի դպրոցները, մյուս տարի՝ Արագածոտնի։ Պլանավորված են նաև աշխատանքներ Երևանի ու մյուս մարզերի դպրոցների համար։ Ընդ որում, դպրոցների ֆինանսավորման նոր կարգով միջոցներ կտրամադրվեն նաև լաբորատոր նյութերի համար, իսկ ուսուցիչներն անցնում են վերապատրաստում լաբորատոր սարքերի գործածման ուղղությամբ։

Չափորոշչին արդեն իսկ մասամբ անդրադարձա, ասեմ, որ շարունակում ենք փորձարկել Հանրակրթության նոր չափորոշիչը Տավուշի բոլոր դպրոցներում։ 2023-ի սեպտեմբերից նոր չափորոշիչը փուլային սկզբունքով կսկսի ներդրվել բոլոր դպրոցներում, որին ընդառաջ իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ, նոր դասագրքերի մշակման և հրատարակման գործընթաց: Մեծ փոփոխությունները սկսվում են փոքր բաներից, որոնք հաճախ մանրուք են թվում, ուզում եմ այս իմաստով ներկայացնել՝ ինչ արդյունք ունենք արդեն հիմա․ չեք հավատա, բայց երեխաները դադարել են տալ ինչ ստացա այսօր հարցը, արտաքին գնահատման ժամանակ, երբ մեր մասնագետները գրավոր աշխատանքներ են տալիս, չեն փորձում արտագրել միմյանցից, իրենց էլ է հետաքրքրում՝ ինչ արդյունք կունենան։ Դպրոցներում մեծ թափ է առել ուսումնական նախագծերի և խմբակների աշխատանքը։ 2022-2023 ուսումնական տարում արտադասարանական աշխատանքների թվաքանակն աճել է մոտ 151 %-ով։ Առավել նկատելի է ուսումնական նախագծերի իրականացումը։ Ինչպես գիտեք, նոր չափորոշչով չի գործում անբավարար գնահատականին շեմը և ցածր առաջադիմությամբ երեխաների համար կազմակերպվում են երկարօրյա դասընթացներ։ Մեծացել է ինքնակրթությամբ զբաղվող ուսուցիչների թիվը, եթե մինչև չափորոշչի փորձարկումն ուսուցիչների շուրջ 5 տոկոսն էր ինքնակրթությամբ զբաղվում, հիմա՝ շուրջ 30 տոկոսը։ Էապես աճել են ուսուցիչների ակտիվությունն ու փոխօգնությունը՝ հունվարից մարտի ընթացքում միայն 40-ից ավելի աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել՝ փորձի փոխանակման, հարցեր քննարկելու համար։ Ասեմ, որ ունենք նաև փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում, որի զեկույցը կհրապարակվի առաջիկա երկու ամսում, ըստ մեր ունեցած նախնական տվյալների, արդյունքները ավելի քան ոգևորիչ են հատկապես երեխաների առաջադիմության մասով բնագիտական և մաթեմատիկական առարկաների ուղղությամբ։

2022-ին շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը։ Ներկայում կամավոր ատեստավորում արդյունքում հավելավճար են ստանում շահառու 28713 ուսուցիչներից 1565-ը, կամ՝ 5,5 %-ը: Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի միջին ամսական եկամուտը կազմում է 250,3 հազար դրամ՝ կրկնապատկելով մինչ այդ եղած միջին` 125 հազար դրամ աշխատավարձը, իսկ առավելագույնը դառնալով շուրջ 450 հազար դրամ (ներառյալ հարկերը)՝ 1,5 դրույք ծանրաբեռնվածության և 50 % հավելավճարի դեպքում։ Այս պահին ամենաբարձր վարձատրություն ստացող ուսուցիչների ընդհանուր վարձատրությունը կազմում է 450-500 հազար ՀՀ դրամ։ Ունենք ուսուցիչ, օրինակ, Սյունիքի մարզի Խնածախ գյուղից, որը կամավոր ատեստավորման արդյունքում ստանում է 450 հազար դրամ, հետևաբար այս ծրագիրն ամենևին էլ Երևանի ուսուցիչների համար չի։ Ավելին ասեմ, կամավոր ատեստավորումն անցկացնում ենք նաև ազգային փոքրամասնությունների առարկաները դասավանդող ուսուցիչների համար ու շատ ուրախ եմ, որ օրինակ, եզդիական համայնքի ուսուցիչները նույնպես մասնակցեցին և էական աճ գրանցեցին իրենց վարձատրության մեջ։ Ընդ որում, նշեմ, որ արդեն մեկնարկել ենք նաև տարակարգի ամբողջությամբ նոր մեխանիզմը, որ փոխկապակցել ենք ուսուցչի մասնագիտական ստանդարտներին և էապես կապել ուսուցչի մանկավարժական կարողությունների հետ, արդեն ունենք տարակարգի նոր մեխանիզմով ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի տարակարգ ստացող ուսուցիչ այն դեպքում, երբ տարակարգի նախկին մեխանիզմով շուրջ տասը տարում ոչ մի ուսուցչի չէր հաջողվել չորրորդ աստիճանի տարակարգ ստանալ։ Ինչ վերաբերում է ատեստավորմանը, ապա այս տարի հնարավորություն ընձեռեցինք ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցչի որակավորում ունեցող, բայց չաշխատող անձանց, գործընթացին մասնակցության միջոցով իրենց աշխատանքը պահպանելու հնարավորություն կստանան նաև միջին մասնագիտական կրթությամբ դեռևս մեր դպրոցներում աշխատող 1340 ուսուցիչները։ Այս տարի գործընթացը մեկնարկեցինք նաև արտադպրոցական հաստատությունների համար․ երաժշտական և սպորտի դպրոցների մանկավարժները կատեստավորվեն այս ամսվա վերջին, ունենք ավելի քան 250 դիմում, արդյունքներով ամսական մինչև 137 հազար հավելավճար կստանան, որն ամբողջությամբ կվճարվի պետական բյուջեից։

Ապրիլի 9-ին ավարտվել է երաժշտական և սպորտի դպրոցների մանկավարժների ատեստավորման դիմումների ընդունումը, որը սկսել էինք մարտի 15-ից։

Սպորտի ուղղությամբ՝ 460 մարզիչներից (ձյուդո, սամբո, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ) դիմում է ներկայացրել 125-ը կամ շուրջ 27,2 տոկոսը,

արվեստի ուղղությամբ՝ 1641 մանկավարժներից (դաշնամուր, սոլֆեջիո և երաժշտական գրականություն) դիմում է ներկայացրել 119-ը կամ շահառուների շուրջ 7,2 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, դիմել է 2101 շահառուների շուրջ 11,6 տոկոսը կամ 244 հոգի:

Ատեստավորումը կանցկացվի ապրիլի 29-ին և 30-ին։

  • 2023 թվականից կգործեն ուսուցիչների վարձատրության նոր ծրագրերը․ մասնավորապես՝
    • հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով մեկ դրույքաչափի, որի համար պետական բյուջեում նախատեսվել է շուրջ 1,6 մլրդ դրամ։
    • Շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչներին լրացուցիչ հավելավճար տրամադրելու նպատակով։
    • Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որի համաձայն՝ բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին՝ մեկ ժամի համար ուսուցիչներին հավելյալ 50-75 %-ի չափով վճարման սկզբունքով։ Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզի դպրոցներում, նախատեսված է շուրջ 27 մլն դրամ։
    • Նախորդ տարի իրականացված օրենսդրական փոփոխություններով դպրոցի տնօրեններն այլևս չեն ընտրվի, այլ կնշանակվեն՝ մասնակցելով հայտարարված բաց մրցույթին և ներկայացնելով զարգացման ծրագիր, որը կփորձաքննվի նախարարության կողմից կազմավորված կենտրոնական հանձնաժողովի կողմից։ Բովանդակային շեմը չհաղթահարելու դեպքում թեկնածուն ուղղակի չի հասնի նշանակման փուլ, որի իրավասությունը վերապահված է լիազոր մարմնին։ Դպրոցական խորհուրդների շուրջ անառողջ եռուզեռն ուղղակի կդադարի՝ դառնալով անիմաստ։ Հակակշիռների մեխանիզմն ապահովում ենք խորհրդի մակարդակում տնօրենին անվստահություն հայտնելու հնարավորությամբ, որն ուղղակիորեն կապված կլինի ծրագրի անբավարար իրականացման հետ։ Տնօրենները նաև կատեստավորվեն՝ իրենց աշխատանքի արդյունքներով, որի արդյունքում կարող են նաև վերանշանակվել։ Ամբողջությամբ առանձնացրել ենք դպրոցի վարչատնտեսական կառավարումը, որի համար նախատեսել ենք նաև պատվիրակման հնարավորություն՝ իրավաբանական կառույցի միջոցով իրականացնելով գնումները, հաշվապահությունը և այլն։ Արգելք ենք սահմանել դպրոցի տնօրեն դառնալու համար նախկինում քրեական գործով անցնելու և ոչ արդարացնող հիմքով գործը կարճելու դեպքում, որովհետև նախկինում ունեինք դեպքեր, երբ մարդը, օրինակ, աշխատելու ընթացքում յուրացրել էր գումարները, այնուհետև ընդունել իր մեղքը, փոխհատուցել և եկել նորից մասնակցել մրցույթին՝դառնալով տնօրեն։ Այժմ նման հնարավորությունն ընդհանրապես կբացառվի։
  • Նախադպրոցական կրթության հասանելիության մասով, բացի 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում հասանելիության ապահովումից, զգալի աշխատանք է տարվել նախադպրոցական կրթության որակը բարձրացնելու համար։ Առաջին անգամ իրականացվել է մանկավարժների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որին մասնակցել են շուրջ 1100 մանկավարժ, ինչպես նաև առաջին անգամ իրականացվել է մանկապարտեզների ղեկավարման իրավունքի նպատակով հավաստագրման գործընթացը, որին մասնակցել է 431 անձ: Ներդրվել է մանկավարժների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ՝ տարակարգի շնորհման միջոցով 30-50 % հավելավճարի հնարավորությամբ, որի համար դիմումներ ենք ընդունում արդեն այս տարվա մարտից։ Հավելավճարն ամբողջությամբ կտրամադրվի պետական բյուջեի միջոցներից՝ հավելյալ աջակցելով համայնքային հաստատություններին։
  • 2022 թվականին Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի մանկապարտեզներում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության, մեկնարկել է կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորումը պետական բյուջեից։
  • ՄԿՈւ ոլորտում գործընկերների աջակցությամբ մշակվել է և առաջիկայում ԱԺ կներկայացվի ոլորտի ամբողջական, նոր և, ըստ էության, հեղափոխական օրենսդրական փաթեթը։ Միաժամանակ, գործող օրենսդրության փոփոխությամբ, որն արդեն իրականացրել ենք, քոլեջներում և ուսումնարաններում նույնպես դասախոսները կունենան ատեստավորման և տարակարգերի միջոցով վարձատրության բարձրացման հնարավորություն։ Ամբողջությամբ վերանայել ենք կրթաթոշակի մոտեցումը, որպեսզի խրախուսենք ընդունելությունը գերակա ուղղություններով, ոլորտում կներդրվի նաև տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագիր ուսանողների և դասախոսների համար։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ համատեղ Տավուշի մարզում ստեղծվել է գյուղատնտեսական կրթահամալիր, որտեղ գրանցվել է ոլորտի համար աննախադեպ մրցակցային ընդունելություն՝ ստանալով սահմանված տեղերից ավելի շատ դիմումներ ֆերմերային տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ սովորելու համար։ 2022 թվականին 4 քոլեջներում և ուսումնարաններում իրականացվել են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ, որոնցից 2-ի աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին:
  • Բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկում ենք բարեփոխումների մեծ գործընթաց, որը թե՛ ենթակառուցվածքների, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ բովանդակային փոփոխություն է։ Մասնավորապես, բառացիորեն օրերս կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը կիրականացնի ակադեմիական քաղաք ծրագրի նախապատրաստական, իրականացման և հետագա կառավարման գործընթացները։ Այս ամիս նախատեսում ենք նաև, որ Հայաստան կայցելեն հրավիրված ճարտարապետներ՝ քաղաքի կառուցման շուրջ նախնական ուսումնասիրության համար։ Առաջիկայում կհանրայնացնենք բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման մեր առաջարկը, որ հիմնված է լինելու մասնակցային և բաց քննարկումների հիման վրա ռազմավարությամբ հաստատված պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ ունենալու թիրախին։ Մեկնարկել ենք Գիտության կոմիտեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վերակազմավորելու նախագիծը, որն արդեն ուղարկվել է ԱԺ քննարկմանը։ Սա թույլ կտա մեզ առաջ մղել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացումը, որի բովանդակային հենքը կապահովվի բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի միջոցով։ Օրենքի նախագիծը մտադիր ենք ԱԺ ուղարկել այս տարվա աշնանը։ Միաժամանակ շարունակում ենք ընթացիկ աշխատանքները․ տարկետման հնարավորություն է սահմանվել ԲՏՃՄ ուղղություններով կառավարության սահմանված ցանկով տեղի բուհերում ընդունվող դիմորդների համար, որ կգործի արդեն այս տարվանից, ներկայացրել ենք պետության համար գերակա ուղղություններով՝ ագրարային և մանկավարժության ոլորտներում կրթաթոշակի տրամադրման նոր ծրագիր՝ ամսական շուրջ 70 հազար դրամ կրթաթոշակի առաջարկով, որը պիտի խրախուսի նաև այս ուղղություններով ընդունելությունը։ Սա կփոխարինի կրթաթոշակի գործող ձևաչափին, որով ամսական 5000 դրամներով, ըստ էության, փոշիացվում էր զգալի գումար՝ չաջակցելով նաև ուսանողներին։ Այս տարի առաջին անգամ միասնական քննությունները կազմակերպում ենք երկու փուլով, որպեսզի նվազեցնենք դիմորդների լարվածությունը և ընձեռենք ընդունելության ավելի մեծ հնարավորություններ։

Երիտասարդություն

Երիտասարդության ոլորտում մեր կարևորագույն քաղաքականությունը մարզերում երիտասարդական կենտրոնների ձևավորումն է, որոնք պետք է լինեն ժամանցի, քննարկման, շփման, ամենատարբեր ծրագրերի իրականացման, ինքնակրթության միջավայրեր։ Ընդ որում, պետությունը որդեգրել է համատեղ կառավարման մեխանիզմը, նախնական ներդրում անելով դրամաշնորհի միջոցով՝ մասնավորի հետ համատեղ միջավայրը ձևավորելու համար, այնուհետև կենտրոնը պետք է անցնի ինքնաֆինանսավորման մեխանիզմի՝ իր գործունեության շնորհիվ, ապահովելով շարունակականությունը։ Այս մեխանիզմով «Լոֆթի» հետ համատեղ մի կենտրոն գործում է Վանաձորում, առաջիկայում նույն մեխանիզմով կենտրոններ կբացվեն Իջևանում և Մեղրիում»։