ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը:

Այս կապակցությամբ այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է, և այս փառատոնն ասվածի լավագույն դրսևորումներից է. «Առաջնորդվում ենք այն գիտակցմամբ, թե որքան կարևոր է մեր հանրության կյանքում նման նախագծերի իրականացումը, որոնց նպատակն է մայրաքաղաքից դուրս՝ մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումը: Արդեն քանի տարի է՝ սկզբունքորեն պետական դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են մայրաքաղաքից դուրս, և պահանջ ունենք, որ դրանք լինեն որակապես նույն տիրույթում, ինչ մայրաքաղաքում: Լավագույն օրինակներից են Տավուշի մարզի Չինարի բնակավայրում կազմակերպված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այցը Վանաձորի հոբելյանական թատերաշրջանին և այլն»:

Անդրադառնալով փառատոնի՝ ապրիլի 24-ի մեկնարկին, փոխնախարարն ասել է. «Հենց ապրիլի 24-ին սկսելով՝ հաստատում ենք մեր ստեղծարար ու արվեստասեր լինելը, մեր վերածնված և հեռանկար ունեցող ազգ լինելու գաղափարը»:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստներ ու թատերական ոլորտի ներկայացուցիչներ:

Արա Խզմալյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ ի թիվս մի շարք միջազգային թատերական կառույցների՝ ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում նաև հայ թատրոնը: «Մենք կարիք ունենք ճանաչելու նաև մեր թատերական արտադրանքը, և այս հարթակը լայն հնարավորություն է տալիս ճանաչելու, համեմատելու և գնահատելու»,-ասել է Ա. Խզմալյանը:

Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, ներկայացումներ կլինեն նաև թատերական այլ հարթակներում. նախատեսված են բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն թատերական քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: Այս մասին խոսելիս ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Ի վերջո, պետական քաղաքականությունը հիմնվում է այսպիսի մասնագիտական քննարկումների, մասնագիտական հանրության դիտարկումների և հանրային արձագանքների վրա: Անաչառ որոշումները հենց այս արդյունքով են կայացվում»:

Նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը փառատոնի մասին խոսելիս նախ անդրադարձել է ասուլիսի անցկացման վայրին. «Պատահական չէ, որ Մտորումների թատրոնում ենք այս փառատոնին նվիրված ասուլիսն անցկացնում: Այստեղից սկսած՝ ցանկանում ենք մարդկանց ճանաչելի դարձնել այս հասցեն»:

Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ՝ այս փառատոնը կենսական կարևորություն ունի Գյումրու համար՝ գյումրեցի հանդիսատեսին առավելապես հարաբերելու թե՛ մայրաքաղաքի, թե՛ այլ քաղաքների ներկայացումներին ու թատերական կյանքին: Ներկայացումների մասին կնկարահանվեն հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն՝ այդպիսով հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի քննարկումների համար:

«Գյումրին թատերական խաչմերուկ» քննարկումների շրջանակում նեղ մասնագիտական ոլորտի համար քննարկումներ կկազմակերպվեն՝ բանախոսությամբ Իրանից և Ֆրանսիայից ժամանած թատերական գործիչների:

«Փառատոնը հետաքրքիր առաքելություն ունի. մշակութային մայրաքաղաք Գյումրին պետք է բովանդակությամբ ևս հենց այդպիսին լինի, որպեսզի զբոսաշրջիկները հեռանան քաղաքից՝ տպավորված մշակութային իրադարձություններով և միջավայրով»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև «Երևանյան հատուկ ծրագիրը»՝ մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ՝ գյումրեցի հանդիսատեսի համար լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը:

Նախատեսվում են 18 ներկայացում և ևս 4 խմբերի նեղ մասնագիտական քննարկումներ «Գյումրին թատերական խաչմերուկ» միջոցառման շրջանակում, որի ընթացքում խմբերը կխաղան փոքր հատված և կքննարկեն այն:

Արտասահմանից կլինի 6 ներկայացում, որից 4-ը՝ մասնագիտական քննարկումների, 2-ը՝ հանդիսատեսի համար:

Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ ևս՝ փառատոնը կարևոր նախաձեռնություն է հայ մշակութային կյանքում. «Պետք է այնպես անել, որ մշակութային հաղորդակցությունը մեր համայնքների միջև հաճախադեպ լինի՝ սեղմ և մտերմիկ միջավայրում. սա է մշակույթի զարգացման նախադրյալը»:

Նա հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ամենամյա և կիրականացվի նաև այլ համայնքներում:

Փառատոնի շարունակականության մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է. «Շարունակության մասին ավելի առարկայական կարող ենք խոսել դրա ավարտից հետո՝ արդյունքներն ամփոփելով: Հաջորդ տարիներին իրականացման տարբեր ձևաչափեր կարող են լինել, որոնք կքննարկվեն»:

Բանախոսներն անդրադարձել են նաև թատրոններին, ներկայացումներին, թատերական կյանքին առնչվող մի շարք խնդիրների:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծն իրականացնում է «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների աջակցությամբ: