ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում եվրոպացի հայտնի կոմպոզիտորների չկատարվող ստեղծագործությունները:

«Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։

Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում և նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյան։

Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն իր ողջ գունապնակով։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի և կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։

«Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ: