Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Տեղեկացնում ենք՝ արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ:

Նշենք՝ մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված): Մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին է:

Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջնություններին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) ներկայացնել իր հեծանիվը՝ տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները` նաև դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի բոլոր մասնակիցներին տրվում են մարզաշապիկներ, մասնակցության համարներ և հավաստագրեր: Մրցաշարին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ):

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32։