Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանն Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու նկատմամբ:

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Այսօր՝ ապրիլի 20-ին, պայքարի դուրս կգան մարզական սամբոյի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), ինչպես նաև մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ):

Հիշեցնենք՝ մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ էին նվաճել:

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի արժանացել էր նաև մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը:

Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:

Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը: