Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի կամերային նվագախմբի համերգը (դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան):

Համերգի ընթացքում որպես մենակատարներ ելույթ կունենան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցների աշակերտները:

Նշենք, որ ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը ներկայացնող մենակատարները հանդիսանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի անդամներ:

Համերգային ծրագրի առաջին մասում կհնչի՝ Պ. Ի Չայկովսկի Սերենադ լարային նվագախմբի համար դո մաժոր Op.48:

Երկրորդ մասում կհնչեն՝ Յ. Ս Բախ՝ Կոնցերտ երկու ջութակի և լարային նվագախմբի համար ռե մինոր (մենակատարներ՝ Եվա Հարությունյան, Սառա Հարությունյան, Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ), Ա. Մարչելլո՝ Կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար 2-րդ մաս (փոխադրում թավջութակի համար) (մենակատար՝ Ալեքս Նազարյան, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոց), Թ. Ալբինոնի՝ Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար մի բեմոլ մաժոր մաս 3-րդ, 4-րդ (մենակատար՝ Արտյոմ Ավետիսյան, Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց), Մ. Մանգան՝ Ռոմանս (մենակատար՝ Միքայել Հարությունյան- Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ), Ա. Վիվալդի՝ Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի համար լյա մինոր (մենակատարներ՝ Ինգա Հովհաննիսյան, Ասյա Անիսիմովա- Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ):

Նմանատիպ համագործակցությունները Երևանի և մարզերի դպրոցների միջև նպաստում են երաժշտական կապերի ամրապնդմանը և սաների մասնագիտական որակների բարձրացմանը: