Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակից Նորիկ Հազեյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար:

Նորիկ Հազեյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Նորիկ Հազեյանը մեր վաստակաշատ աշխատակիցներից է, որն ավելի քան 30 տարի է՝ աշխատում է այս ոլորտում: Ժամանակն է՝ նրա աշխատանքը պատշաճ գնահատելու»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ոլորտի երախտավորներից մեկին:

Նորիկ Հազեյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել՝ այս տարիների ընթացքում ավելի քան 2 հազար հուշարձան է հայտնաբերել, իսկ դրանց պահպանման և հանրահռչակման աշխատանքներն իրականացրել է ամենայն պատասխանատվությամբ և մեծ նվիրումով. «Գիտակցելով պատմամշակութային արժեքների պահպանության խնդիրը՝ ցանկացել եմ ունենալ իմ ներդրումն այս ոլորտում»:

Նշենք նաև, որ հուշարձանների պահպանությանն ուղղված իր աշխատանքային գործունեության ընթացքում Նորիկ Հազեյանը հայտնաբերել է բազմաթիվ նորահայտ հուշարձաններ, մասնավորապես՝ մեկ վիշապաքար Սարուխան գյուղում, արամեերեն արձանագրությամբ Արտաշեսյան հինգ սահմանաքարեր, տասնյակ ժայռապատկերներ, ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր և պատմական գերեզմանոցներ:

Նորիկ Հազեյանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզում հայ-իտալական և հայ-գերմանական միջազգային արշավախմբերի հնագիտական ուսումնասիրություններին` կատարելով գիտահետազոտական աշխատանքներ: Մի շարք գիտական հոդվածների համահեղինակ է: