Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման տպավորիչ արարողությամբ պաշտոնապես տրվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ծանրամարտի Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների նախագահները, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ:

Լուսային ու ձայնային շքեղ շոուի ընթացքում նախ ներկայացվել է Հայաստանի բազմադարյա պատմությունը, անդրադարձ կատարվել մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությանը, ապա ցուցադրվել են ամենատարբեր մարզաևերում Հայաստանի պատիվը բարձր պահած լեգենդար մարզիկները: Այնուհետև յուրահատուկ կերպով անցկացվել է նաև դրոշների շքերթը և մրցահարթակ են դուրս բերվել Եվրոպայի առաջնության մասնակից 40 երկրների դրոշները:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպաական ֆեդերացիային այս առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին վստահելու համար. «Իրականում այս առաջնությանը Հայաստանի Հանհրապետությունը սպասել է շուրջ 40 տարի, որովհետև 80-ականներին այս հոյակերտ մարզահամերգային համալիրը կառուցվում էր այն սպասումով, որ շուտով այն կհյուրընկալի եվրոպական և համաշխարհային մակարդակի մրցաշարեր: Բայց, ցավոք, այնպես ստացվեց, որ ահա, այսպիսի երկար ժամանակ տևեց, մինչև Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում:

Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետև այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան, անկախ Հանրապետության հովանու, տանիքի և դրոշի ներքո: Եվ սա չափազանց կարևոր իրադարձություն է: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին:

«Երջանիկ ենք, որ Երևանում ենք՝ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին խոշոր մրցաշարին: Հայ ծանրորդներին խնդրում եմ թույլ տալ մյուսներին նույնպես մեդալներ նվաճել: Հույս ունեմ, որ այս իրադարձությունը հաջող կլինի մարզիկների համար, որովհետև մենք արդեն տեսանք բացման հաջող արարողություն»,- ասել է Անտոնիո Կոնֆլիտին՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու հավակնորդներից է։

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Մրցումներն անցկացվելու են ապրիլի 15-23-ը: