ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար:

«Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», - ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և, ընդհանրապես, սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին: