ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:
1986 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը:
1989 թ.-ից մինչ օրս աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում:
1990- 1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:
Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994 թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:
2009 թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015 թ. մայիսից՝ ինստիտուտի տնօրեն:
Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Վարդան Դևրիկյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։