ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կամո Մարտիրոսյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիոն ոլորտում մասնագետների անբավարար քանակի և դրանց համալրման ուղիների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես շեշտադրվել է ինչպես ավիացիոն ինժեներների, այնպես էլ այլ կարևոր ուղղություններում մասնագետների համալրման անհրաժեշտությունը՝ ոլորտում մասնագիտական սերնդափոխություն իրականացնելու նպատակով:

Ընդգծվել են հարցի հրատապությունն ու կարևորությունը և բուհերի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ապագայում բարձր մասնագիտական որակավորում ունեցող ավիացիոն մասնագետներ պատրաստելու համար: