Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը:

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում: Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:

Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնել ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները:

Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան կամ խիստ սակավ են:

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները՝ Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:

Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և հաջորդող տարիներին:

Հիշեցնենք՝ սկսած 1983 թվականից մայիսի 18-ից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը նշում է՝ որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: