ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստը:

Ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ Կարեն Գիլոյանը:

Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներկայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ:

Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է նախապատրաստական աշխատանքները ժամանակին ու պատշաճ կատարելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի 40 երկրի 389 մարզիկ: