Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։

ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են.

  • Ուսուցիչների վերապատրաստում և կրթություն.
  • Տնտեսագիտություն և կառավարում.
  • Էկոլոգիական և բնապահպանական գիտություններ.
  • Կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն և լանդշաֆտ.
  • Փայտի գիտություն և տեխնոլոգիա.
  • Անտառային տնտեսություն (բացի անտառային էկոհամակարգային ծառայություններից).
  • Անասնաբուժական բժշկություն.
  • Ընդհանուր բժշկություն (բացառությամբ՝ բժշկական կենսաֆիզիկայի, բժշկական, կլինիկական և դեղագործական կենսաքիմիայի, բժշկական նյարդաբանության).
  • Ստոմատոլոգիա.
  • Դեղագիտություն.
  • Առողջապահական գիտություններ (բացառությամբ՝ ատամնաբուժական հիգիենայի, ֆիզիոլոգիական և կլինիկական սնուցման, ֆիզիոթերապիայի, ճառագայթային տեխնոլոգիայի, ատամնաբուժական տեխնիկայի),
  • Հանրային առողջություն.
  • Մեքենաշինություն.
  • Քաղաքացիական ճարտարագիտություն.
  • Համակարգչային գիտություն.
  • Կիբեռնետիկա.
  • Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա.
  • Քիմիական ճարտարագիտություն և տեխնոլոգիա.
  • Սննդի տեխնոլոգիա.
  • Տրանսպորտ (բացառությամբ՝ տրանսպորտային ծառայությունների, փոստային ծառայությունների, լոգիստիկայի).
  • Երկրի ռեսուրսների արդյունահանում և վերամշակում.
  • Ճարտարապետություն և քաղաքաշինություն:

Ուսանողները կրթաթոշակ ստանալու համար էլեկտրոնային եղանակով կարող են դիմել 2023 թվականի մարտի 24-ից մինչև մայիսի 30-ը www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով: Տեխնիկական աջակցություն ստանալու համար թեկնածուները կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի՝ helpdesk@studyabroad.sk և +421 907 551 404 հեռախոսահամարի միջոցով:

Պետական կրթաթոշակ ստանալու նախապայմանը սլովակերենի իմացությունն է։ Դիմորդները հնարավորություն ունեն լեզվի անվճար մասնագիտական ուսուցում անցնել Բրատիսլավայում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ընտրված թեկնածուները պարտավոր են ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջադրման պաշտոնական նամակը:

Հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ. 010-599696: