Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում:

Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի ապրիլի 11-16-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: