ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Զատկի փառատոն»:

«Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնում ընգրկված է նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ սուրբ Ներսես Շնորհալու և Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունների կատարմամբ:

Փառատոնի փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան կhնչի ապրիլի 9-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Ջեսիկա Նայլս (սոպրանո, ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկ (մեցցո սոպրանո, ԱՄՆ), Կայ Կլուգե (տենոր, Գերմանիա), Էըրոն Շիհըն (տենոր, ԱՄՆ), Ալլեն Բոքսըր (բաս, ԱՄՆ), Հիսուսի դերում՝ Միլան Սիլյանով (բաս, Շվեյցարիա):

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը (Գերմանիա): Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727 թվականի ապրիլի 11-ին, Ավագ ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և առհասարակ ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը:

Ստեղծագործության պոետիկ հիմքը կազմում է Մատթեոսի ավետարանը, որտեղ նկարագրվում են մահապատժից առաջ Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ նրա չարչարանքները և մահը: Օրատորիան բաղկացած է երկու մասից, որոնց կատարումը տևում է շուրջ երեք ժամ:

Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կյանքի օրոք, սակայն կոմպոզիտորի մահից հետո (1750 թ.) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը: Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829 թ. մարտի 11-ին, Բեռլինի «Երգարվեստի ակադեմիայում» քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը կրկին ներկայացրել է «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգանոց երգչախումբն ու ամբողջական նվագախումբը: