ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող:

1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց շնորհվել է 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանող, որոնք ստացել են 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի տրվել է 233.000-ական դրամ կրթաթոշակ: Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ասել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է:

Նախարարը նաև նշել է, որ ուսումնառության ընթացքում նա ևս արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը, որը շատ պարտավորեցնող է եղել. «Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար, որ այսուհետ քո վարքը լավագույն ուսանողի վարք է և մեծ պատասխանատվություն ես զգում: Իրականում մեզնից յուրաքանչյուրն է ընտրում՝ արժևորելու այս մրցանակի կարևորությունը: Ձեր անձնական և անհատական արժևորումից է կախված նաև, թե դուք այս փոքրիկ հաջողությունն ինչպես կօգտագործեք ձեր հետագա կյանքի մեծ հաջողությունների ճանապարհին: Այս մրցանակը նաև վստահություն կհաղորդի ձեր ուժերի հանդեպ. այն ոչ միայն գիտելիքի գնահատում է, այլև ձեր՝ որպես քաղաքացու, գնահատականն է, ինչն այս մրցույթի կարևոր բաղադրիչներից մեկն է»:

Նախարարն ուսանողներին մաղթել է, որ այս հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»:

Լավագույն առաջադիմությամբ ուսանողների հավաստագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն ուսանողներին ողջունել է նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:

««Լավագույն ուսանող» մրցույթը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին չափելու իրենց գիտելիքները, ուսումնառության ընթացքը, այն կարևոր խթան ու օրինակ է նաև մյուս ուսանողների համար՝ համարձակ մասնակցելու մրցույթին»,- մեզ հետ զրույցում նշել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Նարե Շալունցը:

Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը, որը նաև «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդում դպրոցում, նշել է, որ այս մրցանակը նրան վերթևելու ևս մեկ հնարավորություն է տվել, որովհետև կրթությունը միակ զենքն է, որով կարելի է անգամ աշխարհներ նվաճել. «Այս մրցանակը ոչ միայն իմ, այլև իմ բուհի ու մարզի հաղթանակն է»:

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանող Էդգար Մանուչարյանը, շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպիչներին, վստահեցրել է՝ մրցույթն ազդակ է բոլոր ուսանողների համար առավել խորքային զբաղվելու հետազոտական աշխատանքով և ուսումնառության ընթացքում ակտիվ լինելու:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանող Միլենա Մկրտչյանի համար հանրապետության լավագույն ուսանող լինելը պարտավորեցնող է, իսկ մրցանակը լավագույն խրախուսանքն է պետության կողմից՝ զբաղվելու կրթությամբ ու գիտությամբ, հետազոտական աշխատանքով: