Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հրազդան կատարած այցի շրջանակում ներկա է եղել ցուցադրությանը: Նա բարձր է գնահատել դյուցազնավեպի ներկայացման նորարարական և ինքնատիպ լուծումներն ու թանգարան-դպրոց համագործակցության ձևաչափը:

Նշենք, որ ցուցադրությունը թանգարան-դպրոց համագործակցության յուրատեսակ կրթական ծրագիր է: «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը:

Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում «պահպանված հնագույն հարթաքանդակներ», որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները:

Ցուցադրությանը ներկայացվել են Քոչարի նկարազարդումները. նորարարական լուծումների, լուսային, պրոեկցիոն էֆեկտների, ձայնային և տեսողական ինքնատիպ գաղափարների կիրառմամբ փորձ է արվել ստանալ էպոսյան առասպելական միջավայրը: Ներթափանցելով այցելուների ներաշխարհ՝ ցուցադրության միջոցով փոխանցվում են այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական էջերը: Այս ցուցադրությունը մի յուրատեսակ փորձ է մեկ անգամ ևս անդրադառնալու մեր ազգային էպոսին, մեր էպիկական և հերոսական անցյալին:

Դպրոցում կազմակերպված ցուցադրությունը հասանելի է ոչ միայն աշակերտներին, այլև Հրազդանի և Կոտայքի մարզի արվեստասեր հանրությանը: