ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության երկար տարիների ղեկավար Նարինե Հովհաննիսյանը:

Նարինե Արամի Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. մարտի 8-ին, Երևանում: 1974-1979 թթ. սովորել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, մասնագիտությունը՝ գիտնական ագրոնոմ, իսկ 1983-1988 թթ.՝ Երևանի պետական համալսարանում, մասնագիտությունը՝ բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1972-1976 թթ. Նարինե Հովհաննիսյանն աշխատել է Երևանի թիվ 19 դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար, իսկ 1977-1981 թթ. նույն դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

1981-1985 թթ.-ին եղել է Մյասնիկյանի ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, իսկ 1985-1990 թթ.-ին՝ ՀԿԿ շրջկոմի հրահանգիչ:

1990-1993 թթ. աշխատել է Երևանի թիվ 41 դպրոցի տնօրեն, 1990-1995 թթ. Ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ: 1995-2005 թթ. եղել է Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենը:

2005-2017 թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես հանրակրթության վարչության պետ: 2017-2018 թթ. եղել է Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն:

Նա մեծ ավանդ ունի մանկավարժության և կրթության գործի կազմակերպման ասպարեզում:

2008 թ. Նարինե Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»:

Ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Նարինե Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին: Նրա մարդկային ջերմ ու բարի կերպարը վառ կմնա գործընկերների հիշողություններում:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի տիկին Հովհաննիսյան:

Նարինե Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 17:30-20:00-ն` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող սգո սրահում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 7 -ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից: