Եղվարդ քաղաքի մարզադպրոցում օրերս ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել են տղաների 14 և աղջիկների 10 թիմեր:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ մասնակիցների այս քանակն աննախադեպ է հայկական վոլեյբոլի համար:

Աղջիկների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է ՀՄՄԴ թիմը, որը եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել «Ավան-աղջիկներ» թիմի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում Գեղաշենի թիմը 2-0 հաշվով հաղթել է Աշտարակի թիմին:

Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է ԽՄՕՄՄ թիմը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Նոր-Նորքի թիմը: 3-4 տեղերի համար մրցել են ՀՄՄԴ և «Գողթ» թիմերը, որում ավելի ուժեղ են գտնվել «Գողթի» տղաները՝ հաղթելով 2-1 հաշվով:

Նշենք՝ առաջնության արդյունքներով ձևավորվելու են Հայաստանի հավաքական թիմերը, իսկ չեմպիոն թիմերի մարզիչները գլխավորելու են ՀՀ վոլեյբոլի պատանեկան հավաքականները: ՀՀ հավաքական թիմերը 2023 թվականին մասնակցելու են ԱՊՀ երկրների առաջնությանը, ինչպես նաև մի շարք միջազգային մրցաշարերի:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույններն արժանացել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցանակներին: ՀՎՖ կողմից Եղվարդի մարզադպրոցին նաև մարզագույք է տրամադրվել: