Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։

Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով մասնակիցներին և շնորհավորելով հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մրցաշարն անցկացվում է նախևառաջ սպորտն ու ֆիզկուլտուրան մասսայական դարձնելու նպատակով․ «Մրցաշարի անցկացման համար մենք ամեն անգամ ձեռք ենք բերում մարզագույք և այն փոխանցում ենք մարզային մարզադպրոցներին, որպեսզի զարգացնենք առողջ ապրելակերպը, մրցակցության և միասնության ոգին և հաղթանակի կամքը»։

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ տարեցտարի մրցակցությունն ավելի կուժեղանա։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 2023 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը շարունակական են լինելու․ «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ ընթանում, որովհետև նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն ավելացել է շուրջ 500-ով։ Մարզերում ակտիվությունը նկատվում է։ Պետք է անենք այնպես, որ սպորտն ավելի մասսայական դառնա մեր երկրում»։

Նշենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլին մասնակցել է շուրջ 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում՝ 18-ից 40 տարեկան, մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Գարեգին Չախոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Էդուարդ Հակոբյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Նարեկ Գրիգորյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հուշանվերներով է պարգևատրել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին՝ Էմմա Առաքելյանին (ծնված 1951 թ., ք. Կապան) և Կարեն Բեգլարյանին (ծնված 1957 թ., ք. Կապան)։

Գարեգին Չախոյանը Գյումրիից է, որտեղ, ըստ նրա, սեղանի թենիսը բավական տարածված է. «Շատ լավ զգացողություններ ունեմ: Արդար պայքար ստացվեց: Սեղանի թենիսը՝ որպես մարզաձև, շատ եմ կարևորում, քանի որ նաև առողջ ապրելակերպ է խրախուսում: Այսպիսի մրցաշարերն ավելի են նպաստում մարզաձևի մասսայականացմանը, մոտիվացնում են երեխաներին՝ զբաղվելու սեղանի թենիսով: Կարծում եմ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը նպաստում է մարզաձևի մասսայականացմանը»:

Կանանց 18-40 տարիքային խմբում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Սիմոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վերգինե Ղարիբյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կանանց երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի, հաղթողի կոչմանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Լիլիթ Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սուսաննա Հովեյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անահիտ Կրմզյանը։ Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Լիլիթ Գրիգորյանը Երևանից է, դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Խոստովանում է՝ նմանօրինակ մրցաշարերը շատ կարևոր դեր ունեն՝ թե՛ առողջության, թե՛ մոտիվացիայի և թե՛ շփման տեսանկյունից:

«Եզրափակչում պայքարը շատ լարված ու թեժ պայքար ստացվեց: Լարվածությունը փոքր-ինչ խանգարում էր: Մրցում էի իմ երբեմնի դասախոսի՝ Սուսաննա Հովեյանի հետ: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք: Անբացատրելի զգացողություններ ունեմ, շատ հաճելի էր երկրորդ տարին անընդմեջ հաղթողի կոչմանն արժանանալը: Պայքարն իսկապես սթրեսային է, ոչ միայն բուն խաղի, այլև նախապատրաստական փուլում: Երբեմն ինքդ քեզ խաղի ժամանակ չես ճանաչում: Գիտես, թե իրականում դու ինչի ես ունակ, բայց վճռորոշ խաղում երբեմն չես կարողանում ցույց տալ իրական հնարավորություններդ: Ինչ վերաբերում է նմանօրինակ մրցաշարերին, ապա նշեմ, որ սպորտն առհասարակ շատ եմ կարևորում և կուզեմ, որ մեր հասարակությունը ևս այն կարևորի, քանի որ սպորտն առողջության գրավականն է»,- նշում է Լիլիթ Գրիգորյանը:

41 և բարձր տարիքի տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Արթուր Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սարգիս Լալազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Հարությունյանը: Նրանց պարգևատրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Հիշեցնենք՝ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 500, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 300 հազարական դրամներով։ Դրամական պարգևներ են նախատեսված նաև 4-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար։