ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին` նշելով, որ մշակութային կյանքի առանձնահատկություններից մեկը ծրագրերի բազմազանությունն է: Ըստ փոխնախարարի՝ «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության ծրագիրը փոխլրացնում է իրականացվող մյուս ծրագրերին:

Նա, մասնավորապես, անդրադարձել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որի 2-րդ շրջափուլի՝ մինչև 2027 թ. համաձայնագիրը, անցյալ տարեվերջին վավերացվել է Ազգային ժողովի կողմից. «Առաջիկայում կմեկնարկի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան նոր փուլը, որի գործունեությունը կապահովի տեղեկատվական գրասենյակը՝ ապահովելով փոխգործակցություն ՀՀ արվեստի ոլորտի ներկայացուցիչների և Եվրոպայի գործընկերների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով»:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը, որն ուղղված է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս համատեքստում նա ընդգծել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակույթի ռազմավարություն մշակելու կարևորությունը: Նման ծրագիր արդեն իրականացվել է Իջևան քաղաքում, որը կարող է դառնալ նախադեպային մյուս մարզերի համար:

«Մշակութային այս ծրագրերը փոխլրացնում են միմյանց և մաս են կազմում մշակույթի ոլորտում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն համարվող ստեղծարար արդյունաբերության զարգացմանը»,-նշել է նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի մասնակիցներին և հույս հայտնել, որ այն կդառնա գեղեցիկ հարթակ ինչպես լայն հանրությանը ներկայացնելու ստեղծագործական առկա ներուժը և նախաձեռնությունները, այնպես էլ ոլորտի կազմակերպությունների ու անհատների միջև երկխոսության կայացման յուրօրինակ միջավայր:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ներկաներին՝ կարևորելով մշակութային ռազմավարության մշակումը քաղաքների զարգացման տեսանկյունից: Նա ասել է, որ հատկապես դժվար օրերին պետք է նայել առաջ և զարկ տալ մշակույթին:

«Կատապուլտ տաղավար Scenius»-ը ծրագիրը կոչված է խթանելու Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտություններն ու մրցունակությունը: Այն նաև նպատակ ունի աջակցելու անհատներին, հաստատություններին և ենթակառուցվածքներին` իրազեկման, վերապատրաստման և ֆիզիկական ու տեխնոլոգիական ներդրուﬓերի ﬕջոցով:

Եվրոպական ﬕության ֆինանսավորմամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) կողﬕց՝ «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) կազմակերպության հետ համատեղ։