ՀՀ կառավարություն այսօրվա նիստում գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

Նախատեսվում է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց, որը կներառի գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված մարզադահլիճներ, ինչի արդյունքում հայ մարմնամարզիկները հնարավորություն կունենան պատշաճ կազմակերպել մարզումային գործընթացը, իսկ մարմնամարզության նկատմամբ հետաքրքրվածությունը կմեծանա:

Թեմայի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության մարզադպրոցը: Մենք որոշեցինք ոչ թե ուղղակի գնալ վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց»:

Վարչապետը հայտնել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող այդ մարզադպրոցը շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականը, երբ Երևանում կանցկացվի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ավարտին է մոտենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, աշխատանքներ են իրականացվում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Արթուր Աբրահամյանի անվան մարզադպրոցներ ունենալու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել մարզադպրոցներում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ. «Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականին: Բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում. ունենալու ենք նաև տրիբունաներով մարզադահլիճ, ինչը թույլ է տալու, որ այստեղ միջազգային մրցաշարեր նույնպես կազմակերպվեն: Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցին կից՝ գրեթե նույն տարածքում հեծանվային սպորտի մարզադպրոցն է, որտեղ նույնպես աշխատանքները 2024 թվականին կավարտվեն: Ջրառատում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումը կավարտվի այս տարի. ավարտված է նաև գույքի մրցույթը, և մենք այս տարի արդեն կունենանք ամբողջական գույքով հագեցված ու վերակառուցված դպրոց: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի մասով Կառավարության որոշումն ընդունվել է՝ Ներքին Չարբախում հատկացրել ենք համապատասխան հողատարածք, որտեղ արդեն նախագծման աշխատանքները կիրականացվեն: Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային մարզադպրոցի մասով աշխատանքները ֆեդերացիան է իրականացնում. առավելագույնը 40 օրում աշխատանքները կավարտվեն, դաշտն արդեն պատրաստ է, շենքը կանգուն է, կոսմետիկ աշխատանքներն են իրականացվում»:

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն ամենամեծածավալ համալիրներից է. աշխատանքների ընդհանուր արժեքը 5.3 միլիարդ դրամ է, իսկ այս պահին աշխատանքների շուրջ 40 տոկոսն արված է:

«Նախորդ տարի մենք նաև փոփոխություն ունեցանք, ինչի արդյունքում նախատեսվեց լողավազան և հրաձգարան կառուցել: Սա թույլ է տալու, որ մենք այդտեղ շատ մեծ ծավալի միջոցառումներ անցկացնենք: Նախատեսում ենք, որ աշխատանքները կավարտվեն 2026 թվականին»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը: