ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում «Արհեստների կամպուս» ծրագրի առաջին փուլի մեկնարկին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Հայաստան այցի շրջանակում միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակության անդամները (այդ թվում՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքների քաղաքապետեր):
Նրանք շրջել են ուսումնական հաստատությունում, ծանոթացել գործունեությանը, ուսուցանվող մասնագիտություններին, աշխատանքային և տեխնիկական պայմաններին: Ուսանողները ցուցադրել են իրենց մոդելավորած հագուստները, ներկայացրել խոհարարական հմտությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես ՕՌԱ շրջանային խորհրդին՝ որպես կենտրոնի գործունեության ֆինանսավորող, արդյունավետ համագործակցության և այսօրինակ կրթական որակ ապահովելու համար:
«Այս ուսումնական հաստատության ձեռք բերած արդյունքները լիովին համահունչ է ԿԳՄՍ նախարարության՝ միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված քաղաքականությանը և արտացոլում են մեր սահմանած գերակայությունները: Այս ոլորտում անելիքները շատ են. պլանավորում ենք կրթության տարբեր մակարդակներում՝ թե՛ ենթակառուցվածքների, թե՛ կարողությունների զարգացման, թե՛ ուսումնական ծրագրերի վերանայման միջոցով բարձրացնել ոլորտի գործունեության արդյունավետությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ուսումնական հաստատության հաջողության գրավականը տարբեր կառույցների և արտասահմանյան գործընկերների թիմային աշխատանքի արդյունք է:
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագրում» առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսվում է ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ, և այս գործընթացի շրջանակում ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների և հնարավորությունների զարգացումը համահունչ է պետական առաջնահերթություններին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է փորձի փոխանակումը նաև այլ ուսումնական հաստատությունների հետ և վստահություն է հայտնել, որ ֆրանսիական փորձն օգնելու է զարգացնել հնարավորությունները, կրթական ծրագրերը և քննարկել նոր մասնագիտություններ ներդնելու հեռանկարները: Փոխնախարարը նկատել է՝ սովորողները հիացնում են ոչ միայն լավ կրթությամբ, այլև գեղեցիկ ֆրանսերենով արտահայտվելու կարողությամբ:
Կողմերի հավաստմամբ՝ արհեստների կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր հաստատությունների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել Սյունիքի մարզի հետ՝ կարևորելով կրթության վրա հիմնված տնտեսության զարգացումը:
Նշենք, որ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի ու Հայաստանի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակույթի, գիտության և տեխնիկայի բնագավառներում կնքված համագործակցության հուշագրի շրջանակում և գործում է 2002 թվականից, որտեղ մինչ օրս կրթվել են 3000-ից ավելի ուսանող: