Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն ‹‹Ֆաուստ›› օպերայով «Կոլոն» թատրոնը բացել է իր թատերաշրջանը:
Մարտի 14-ին, 16-ին, 19-ին, 21-ին Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում առաջնախաղով՝ Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում Ֆաուստի դերերգով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
‹‹Ֆաուստը՝ երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի, որն օժտված է բնական հնչեղությամբ: Նա գերազանց ցուցադրում է իր վոկալ կարողությունները և լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչ պահանջում է թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը››,- գրել է հեղինակավոր «MusicaClasicaBA» ամսագիրը:
Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային տեսարաններով և հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների և լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Ներկայացումը բեմադրված է աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական և լիտուրգիական էլեմենտներով:
2022-23 թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել «Semperoper Dresden»-ում, Մարինյան թատրոնում (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››), Թուլուզի «Théâtre du Capitole»-ում (Ռոդոլֆո, ‹‹Բոհեմ››), Մեծ թատրոնում (Կոմս Ալմավիվա, ‹‹Սևիլյան սափրիչ››): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, ‹‹Սիրո ըմպելիք››) և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››):
Նշենք, որ ապրիլի 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը: