Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, ամփոփել է փառատոնի արդյունքները:

Հիշեցնենք՝ փառատոնի եզրափակիչ փուլին, որը կայացել է մարտի 25-ին Երևան պետական համալսարանում, ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցից ներկայացված «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարք», Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից ներկայացված «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» և Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցից ներկայացված «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը երաշխավորվել են միջազգային գիտության փառատոններին մասնակցելու համար:

Նշված նախագծերից առաջինը կմասնակցի մայիսի 14-19-ն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական «Regeneron» (ISEF-2023) տոնավաճառին, մյուս երեքը՝ երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի «Դեպի վեր» նախագիծն արժանացել է ISEF Community Innovation Award - 2023 մրցանակին։

Ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 3 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 2 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերից:

12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի:

Հիշեցնենք՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին մասնակցած միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում: