ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գործունեության 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հանրային մեծ արձագանք ստացած մի շարք հարցերի:

Պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաքում ո՞ր բուհերն են տեղակայվելու, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ բուհերի ուսանողների և դասախոսների տեղափոխությունը՝ նախարարը շեշտել է, որ ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել դասախոսների և ուսանողների տեղաշարժի մասին:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ակադեմիական քաղաքի ծրագիրը ՀՀ կառավարության ամենամեծ նախագծերից է, որի իրականացման ճանապարհային քարտեզը քննարկվում է և առաջիկայում կառույցի ստեղծման նախագիծը կհրապարակվի:

Ակադեմիական քաղաքի համար, ըստ նախարարի, նախատեսվում են երեք կլաստերներ. «Այս փուլում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է կառուցվի քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։ Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Դրանցից մեկն արվեստի կլաստերն է, որը լինելու է «Հայֆիլմի» տարածքում, 2-րդը՝ Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհերի կլաստերը, որտեղ իրականացվելու է գիտահետազոտական գործունեություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երրորդ ամենամեծ կլաստերում կարող են տեղակայվել կրթական, սպայական հաստատություններ, ինչպես նաև գործունեություն ծավալել միջազգային կամ միջպետական բուհերը։

Ժ. Անդրեասյանն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի քննարկումներն առնչվում են, որ միայն բուհական ստանդարտ ենթակառուցվածքների՝ լսարաններ, մարզադահլիճներ, հանրակացարան և այլն ապահովմանը, այլև, օրինակ, արվեստի ոլորտի բուհերի համար ժամանակակից համերգասրահ, կինոթատրոն, կինոարտադրության ամբողջ շղթա ունենալու հնարավորությանը:

«Այսինքն՝ այս ամենը մի ամբողջական համալիր մոտեցում է, որը պետք է նախագծվի. մենք այստեղ նույնպես շատ ուշադիր կլինենք, որպեսզի ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները բավարարեն պահանջներին: Ենթադրվում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը կսպասարկի ակադեմիական քաղաքին, որտեղ նախնական հաշվարկներով մի քանի տասնյակ հազար մարդ է գործունեություն ծավալելու»:

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը և գործող բուհերի շենքերի տարածքների մասին հարցին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս պահին բուհերի շենքերի վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվում: Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման չափին, ապա ֆինանսավորման վերջնական ծավալը պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո, քննարկվում է նաև պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափը:

Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ քննարկումները վաղուց են սկսված: «Այս հարցի շուրջ վերլուծական աշխատանքը կատարվում է արդեն մի քանի տարի և առկա են բազմաթիվ զեկույցներ: Կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրվել են մի շարք նպատակային թիրախներ. պետք է մինչև 2030 թվականն ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ: Բուհերը պետք է ունենան ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ: Առնվազն 4 բուհեր պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման սանդղակի հինգհարյուրակում: Այս գործընթացն ինչպես ենք անելու, քննարկվում է, որովհետև ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների, դրանց իրագործման հնարավորությունների մասին: Քննարկվել են տարբեր մոդելներ և առաջիկայում դրանց հիման վրա կկայացվեն որոշումներ: Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկվի պետության և նախարարության մոտեցումը՝ ինտեգրման գործընթացի վերաբերյալ »,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ գործընթացը պետք է թափանցիկ ու հասկանալի լինի, իսկ մոտեցումը կոնկրետ և հստակ:

«Բուհերի միավորումը շատ ժամանակատար գործընթաց է և դա կարող է տեղի ունենալ որակյալ ճանապարհային քարտեզի առկայության պարագայում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ այս մասին հատուկ շեշտում է, որ տպավորություն չստեղծվի, թե վաղը կամ հաշված օրեր անց բուհերը կրճատվելու են:

Հարցին, թե Գիտությունների ազգային ակադեմիան այս ինտեգրման արդյունքում ի՞նչ կարգավիճակ է ունենալու, նախարարը պատասխանել է. «Ակադեմիայի հարցն ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն համակարգում: Ես կարծում եմ՝ ԳԱԱ-ի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից մենք լավագույն լուծումն իրենց հետ միասին կգտնենք»:

Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում կրթության ոլորտում ստեղծված խնդիրներին, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ընդգծել է, որ հեռավար կրթության կազմակերպումը կապի և էլեկտրականության սահմանափակման պայմաններում հնարավոր չէ:

«Հեռավար կրթության ամենակարևոր պայմաններից մեկը համացանցն է, բայց քանի որ Լեռնային Ղարաբաղում կապի լուրջ խնդիր կա, հեռավար կրթություն ապահովել հնարավոր չէ: Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել ու ապահովել ենք այն երեխաների կրթությունը, որոնք ՀՀ-ում էին մնացել և ժամանակավորապես զրկված էին վերադառնալու հնարավորությունից: Նրանք իրենց կրթությունը ստացել են տեղի հաստատություններում»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ընթացքում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների այլ հարցերին ևս՝ անդրադառնալով, մասնավորապես, կրթության համակարգի քաղաքականացմանը, հանրակրթական դպրոցներին հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հուշարձանների պահպանության ուղղությամբ հանրային վարքականոնի ձևավորմանը և այլ խնդիրների: