2027 թվականին կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում:

Այս մասին որոշում է կայացվել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի (EKF)՝ Իսպանիայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Հայաստանը 2021 թվականին է դիմել EKF-ին՝ Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը հյուրընկալելու առաջարկով: Մեր երկրին զուգահեռ նմանօրինակ հայտ են ներկայացրել նաև Թուրքիան և Կոսովոն: Արդյունքում, Հայաստանի առաջարկը քննարկվել և ընդունվել է Եվրոպայի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կողմից:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից ընդգծում են՝ սա աննախադեպ երևույթ է հայկական կարատեի պատմության մեջ, քանի որ Հայաստանում երբևէ նման մասշտաբի և նշանակության միջոցառում չի անցկացվել այս մարզաձևից:

Ակնկալվում է, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն 2000-ից ավելի մարզիկներ գրեթե բոլոր եվրոպական երկրներից: