ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի ընդունմամբ կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգի նոր և որակյալ կադրերով ապահովմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորման կիրառումը խնդրահարույց է.

«Մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու, որպեսզի ստանա տարկետում:

Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ՝ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով զինված ուժերին զորակոչիկներով համալրումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ընտրվել են 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

Նշվել է նաև, որ վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:

Սահմանվում է ՀՀ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: Ըստ նախարարի՝ չեն դիտարկվել ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով դիմորդների մեծ թիվն այս ուղղություններով:

2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով նախատեսվել են ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 200 ընդունելության տեղեր: Արդյունքում՝ կգործի կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ունենալու նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգը նոր և որակյալ կադրերով ապահովելուն՝ հիմք ընդունելով միջազգային վարկանիշավորման չափանիշները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման առումով:

«Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք շատ կոնկրետ քայլեր ենք արել: Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է, կրկնապատկվել է: Ընդ որում՝ մենք նաև հիմա գիտական գործունեության և գիտության մեջ երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրեր ենք իրականացնում: Գիտության կոմիտեի հաշվետվությունը լսելիս ես հասկացա, որ այդ ծրագրերը բավական հաջող ընթացք են ստացել, և մեզ պետք է ապահովել նոր սերնդի ուղղորդումը դեպի գիտություն»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է նաև ընդունելության քննությունների օբյեկտիվության ապահովումը. «Գիտեք, որ նման որոշումները ոլորտում կոռուպցիոն երևույթների զարգացման շատ մեծ իմպուլս են տալիս: Այդ առումով և՛ ԿԳՄՍ նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները պետք է ուշադրությամբ հետևեն գործընթացներին»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշման, որով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ։ «Սիմոնյան» կրթական հիմնադրամն այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին:

Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը: