ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ ապրիլի 3-26-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի «Խաչմերուկներ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա 7 համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստանի և Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» դահլիճներում։

Ելույթներով հանդես կգան դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա), դաշնակահար Հայկ Մելիքյանը (Հայաստան), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա), «Ասոնանս» անսամբլը (Հայաստան) և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ, որոնք միտված են կոնսերվատորիայի և այլ երաժշտական հաստատությունների ուսանողների աշխարհայացքի ձևավորմանը, երաժշտության վերլուծական կարողությունների զարգացմանը։ Այս տարի ևս նախատեսվում է իրականացնել մի շարք վարպետության դասեր։ Տեղի կունենա վարպետության դաս կոմպոզիտոր Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն) և սեմինար՝ երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ ելույթ կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև Մայքլ Ֆիննիսսի, Լինդա Քեթլին Սմիթի ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, Էգոյանը վարպետության դաս կանցկացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀԲԸՄ-ում կկայանա սեմինար՝ երաժշտագետ և ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես կգան Իվ Էգոյանը և «Ասոնանս» անսամբլը։

Ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» դահլիճում Իվ Էգոյանը կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Մանսուրյանի, Արամ Հովհաննիսյանի, Յուրի Կասպարովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Վալենտին Սիլվեստրովի ստեղծագործությունները։

Յուրի Կասպարովն ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների համար, ինչպես նաև կհանդիպի երաժշտասերների հետ։

Ապրիլի 14-ին՝ ժամը 20:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա)՝ ներկայացնելով Տորու Տակեմիցուի, Դյորդ Կուրթագի, Դավիթ Բալասանյանի, Ժան-Պիեր Դելյոզի, Կայա Սարիահոյի, Սերգեյ Ումրոյանի, Ապոլինի Ջեսուպրետի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին՝ ժամը 19:30-ին, ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները հանդես կգան համերգով։ Ծրագրում՝ Պասկալ Դյուսապեն, Յորգ Վիդման, Պիեր Բուլեզ, Անտոն Վեբերն, Աշոտ Ղազարյան, Արմեն Գևորգյան, Դմիտրի Պչելինցև, Լևոն Պողոսյան։

Ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Պասկալ Դյուսապենի, Յոշիհիսա Տաիրայի, Տոշիո Հոսոկավայի, Արթուր Աքշելյանի, Վոլֆգանգ Րիմի, Դյորդ Կուրթագի, Լուիս Կինթանայի, Անդրե Բուքուրեչլիևի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին՝ ժամը 19:30-ին, ելույթով հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Խորագրում՝ Տորու Տակեմիցու, Իսանգ Յուն, Բեթ Ֆուրրեր, Կուզմա Բոդրով, Պաուլ Հինդելմիթ, Կիրիլ Արխիպով, Ալեքսեյ Ռատինսկի։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Ասոնանս» անսամբլը կկատարի Դավիթ Գյոդակյանի, Արման Ղուշչյանի, Արսեն Բաբաջանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Սարգսյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ընձեռում երաժշտասեր հայ հասարակությանը՝ տեղեկացված լինելու ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։