Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյուն­­քով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաս­տատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման արդյունքում հնարավորություն է ընձեռվում այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող անձանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը:

«Այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը, միանշանակ, կա: Հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման գործընթացն իրականացվում է 2021 թվականից. այս պահի դրությամբ 1565 ատեստավորված ուսուցիչ կամ շահառուների 5,5 տոկոսն արդեն ունի բարձրացված վարձատրություն: Միջինում նրանց աշխատավարձը կրկնապատկվել է. եթե միջին դրույքաչափը 125 հազար դրամ է, ապա միջին եկամուտը, միայն կամավոր ատեստավորման արդյունքում, կազմում է 250 հազար դրամ և ավելի: Ունենք առավելագույն՝ 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ, ընդ որում՝ ուսուցիչների 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի, իսկ 150 ուսուցիչ՝ 350-450 հազար դրամ: Այս ամենին գումարվում են նաև այլ հավելավճարներ. օրինակ՝ շուրջ 300 ուսուցիչ, որոնք ունեն նաև տարակարգ, հավելյալ հավելավճարի հնարավորություն են ստացել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորմանը. «Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի: Կարգի մեկ այլ փոփոխությամբ երկարաձգվել է նաև դիմումների ընդունման ժամկետը՝ ուսուցիչները շուրջ 2 ամիս հնարավորություն կունենան՝ դիմելու ատեստավորմանը: Հուսով ենք՝ հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ կօգտվեն այդ հնարավորությունից»:

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է, որ երեկվանից մեկնարկել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը, որին կարող են մասնակցել արվեստի և երաժշտական դպրոցների, ինչպես նաև մարզադպրոցների մանկավարժական աշխատողները և ստանալ լրավճար:

Նախարարը տեղեկացրել է, որ մարտի 9-ից մեկնարկել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելությունը, որ արդյունքում նրանք ևս հնարավորություն կունենան ստանալու 30-50 տոկոս հավելավճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Ազգային ժողովի կողմից օրերս ընդունված՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությամբ կենսաթոշակային տարիք ունենալն ինքնին դեռ աշխատանքից ազատման հիմք չէ: «Մենք այս օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն: Կարծում եմ՝ շատ լավ մեխանիզմ է և մոտիվացիա կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամավոր ատեստավորում անցնել: Նախ նրանց աշխատավարձը կբարձրանա, երկրորդ՝ այլ կարգի մտավախությունները կփարատվեն, և մենք կօգտագործենք նույնպես ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ հնարավորությունը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ գործարկել, որպեսզի մանկավարժի որակավորում ունեցող երիտասարդ կադրերի համար ատեստավորման պահանջը խոչընդոտ չհանդիսանա:

Ընդունված որոշմամբ՝ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումը կիրականացվի միայն թեստավորման եղանակով:

Ազգային փոքրամասնության լեզուների ուսուցման առկա խնդիրների կարգավորման միջոց է դիտարկվել նաև խմբակավարների մասնակցությունն ատեստավորմանը, որով հնարավոր կլինի դասավանդողների թափուր տեղերը համալրել, խթանել բուհական կրթություն ստանալու ձգտումը, բարձրացնել նաև խմբակավարների վարձատրությունը, քանի որ այդ առարկաները հիմնականում ուսուցանվում են խմբակների ձևաչափով:

Կամավոր ատեստավորման ընթացքում անհրաժեշտ արդյունք չցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման և վերաատեստավորման գործընթացը կկազմակերպվի ստացված ցանկերի հիման վրա: Աշխատավայրը փոխած ուսուցչը չի ազատվում գործող կարգով սահմանված՝ վերապատրաստման պարտավորությունից:

Համատեղությամբ աշխատող ուսուցիչները կարող են հավելավճար ստանալ նաև 2-րդ աշխատավայրում՝ առանց դրույքաչափի փոփոխության:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները ևս կարող են մասնակցել ատեստավորմանը:

Չաշխատող, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքում գտնվող անձինք ևս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստանում, որոնց համար 5-ամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից անմիջապես հետո: