Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի:

ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներին: Այն հանրահռչակում է գրական նոր տաղանդների:

Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը և գեղարվեստական գրականության հարստությունը՝ ԵՄ գրական մրցանակը նպատակ ունի խթանելու Եվրոպայի ներսում գրականության շրջանառությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու օտարալեզու գրական գործերի նկատմամբ:

Հեղինակներին և նրանց վեպերն առաջադրել են ազգային կառույցները (մեր երկրում՝ ԵՄ գրական մրցանակի հայաստանյան գործընկեր «Փեն Հայաստան»-ը), որոնք քաջածանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաև փորձառու՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում:

Մրցանակի ժյուրին կընտրի 2023 թ. ԵՄ գրական մրցանակի հաղթողին և հատուկ մրցանակակիրներին, որոնց անունները կհրապարակվեն 2023 թ. ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում:

Առաջադրված բոլոր հեղինակները եվրոպական հարթակում առաջխաղացման շարունակական աջակցություն կստանան՝ ավելի լայն և միջազգային լսարան ունենալու, իրենց ազգային և լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապ հաստատելու նպատակով:

ԵՄ գրական մրցանակը կազմակերպում է Եվրոպական գրահրատարակիչների և Եվրոպական ու միջազգային գրավաճառների ֆեդերացիաներից բաղկացած կոնսորցիումը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, աշխատանքի բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում և զրուցում մարդկանց հետ և այս ամենով պայմանավորված՝ հայտնվում սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը: