Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։

Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։

Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, Սինեմաթեքի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիական Սինեմատեքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով հետագա գործակցության ընդլայնման կարևորությունը։ Ցուցադրությանը ներկա է եղել հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ:

Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում նաև Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սինեմատեքի հովանու ներքո մարտի 8-12-ն անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Համո Բեկնազարյանին նվիրված այս ծրագրով անվանի ռեժիսորի ստեղծագործությունն առաջին անգամ է հանրայնացվում Ֆրանսիայում՝ 1993 թվականին «Պոմպիդու» կենտրոնում անցկացված հայ կինոյի հետահայաց ծրագրից հետո։

Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմերի թվայնացման և մասնագիտական վերականգնման աշխատանքները կատարել են Հայաստանում՝ «One Man Studio Production»-ի մասնագետները, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ։