ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացնեն «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է մշակութային կազմակերպությունների մասնագետների համար:

«Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել մշակութային հաստատություններին՝ մշակելու «Մշակութային արժեքների պահպանության պլանը» (ՄԱՊՊ): Դասընթացը կուղեկցվի մտքերի փոխանակմամբ, կլինեն այցելություններ, գործնական վարժանքներ և խմբային աշխատանք:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Մատենադարանում իրականացվել է եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում ներկայացվել է Ֆրանսիայի լավագույն փորձը:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է armheritage@gmail.com էլ. հասցեին ուղարկել անուն ազգանուն, պաշտոն, կազմակերպության տվյալները: