2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է. «Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, որն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի և Դանիայի տղաների թիմերը: Համոզված ենք՝ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»:
Կարեն Ասմարյանը նշում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին կայանալիք Եվրոայի Մ17 տարեկան տղաների առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին 16 երկրի թիմեր են մասնակցելու:
Նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ Հայաստանի Մ22 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաքներ և ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանում: Հավաքական թիմը և մարզչական շտաբը կձևավորվեն մայիսին Երևանում նախատեսված մեկ այլ միջազգային երիտասարդական մրցաշարի արդյունքներով: