ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2023 թվականի մարտի 20-ը՝ ժամը 15:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի ներկայացրած հաստատության զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

1) պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին,

2) մասնակիցը և նրա աշխատակազմը պետք է պաշտպանված լինի ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել փորձագիտական եզրակացությունների և գնահատականների վրա,

3) մասնակիցը պետք է ունենա տարածքներ (սեփական, անհատույց օգտագործմամբ կամ վարձակալությամբ), սարքավորումներ և գրասենյակային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն իրականացնելու, եզրակացություններ տալու և գնահատման չափանիշներին համապատասխան իրականացված գնահատման վերաբերյալ հիմնավորումներ կազմելու համար,

4) փորձաքննության ընթացքում ձեռք բերված ցանկացած տվյալ և տեղեկատվություն մասնակցի կողմից համարվում է գաղտնի՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները,

5) մասնակիցը պետք է գրանցի և պահպանի փաստաթղթեր, որոնք հավաստում են փորձաքննության իրավասությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև կատարի փորձագետների կատարած բոլոր աշխատանքների հաշվառում,

6) մասնակիցը պետք է ունենա հանրակրթության ոլորտում ծրագրերի ռազմավարական գնահատման իրականացման, կրթության կազմակերպման ուսումնական գործընթացի կառավարման և ղեկավարման, կազմակերպաիրավական, ֆինանսատնտեսական ոլորտների մասնագետներ, որոնք համապատասխանում են փորձագետների համար սահմանված պահանջներին:

Փորձաքննությունը իրականացնող կազմակերպության մասնագետը պետք է իմանա համապատասխան նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր տնօրենի պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները:

Հավակնորդի զարգացման ծրագիրը փորձաքննության է ներկայացվում անանուն՝ նշելով միայն ուսումնական հաստատության անվանումը: