ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ ընդգծելով, որ ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում կարևոր ներդրում է անում Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ ի դեմս երիտասարդների ներուժի զարգացմանը միտված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրում առանձին բաժնով ներկայացված են երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղությունները: «Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման և կարողությունների զարգացման համար: Այս նպատակով պետական բյուջեի միջոցներով տարբեր դրամաշնորհային միջոցառումներ են իրականացվում մի շարք ոլորտներում՝ քաղաքացիական կրթություն, մեդիագրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ձեռներեցություն, փափուկ հմտություններ, թվային գրագիտություն, աղետների դիմակայում և այլն, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը: Առանձնակի ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը, որի համար ստեղծվում են երիտասարդական կենտրոններ՝ որպես երիտասարդական կյանքի կազմակերպման միջավայր, որտեղ ևս շեշտադրվում է կարողությունների զարգացումը։ Մինչև գարնան վերջ պետական բյուջեի միջոցներով 2 կենտրոն կբացվի՝ մեկը Տավուշում` Իջևանում, մյուսը՝ Սյունիքում` Մեղրիում, իսկ մինչև տարեվերջ՝ ևս 2 կենտրոն: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում բացել 25 երիտասարդական կենտրոն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ կրթությունը դինամիկ գործընթաց է, և ֆորմալ կրթությունը միշտ չէ, որ հասցնում է արագ արձագանքել աշխատաշուկայի և առհասարակ կյանքի պահանջներին։ Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ կրթությունը գալիս է լրացնելու այդ բացը. նա կարևորել է ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով տարբեր ոլորտներում երիտասարդների կարողությունների զարգացումը։

«Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը նպաստում են հմտությունների և գիտելիքների բարելավմանը` ապահովելով կրթական ծրագրերում շարունակականության բաղադրիչը: Երիտասարդական քաղաքականության իրականացման մեջ, ինչպես և հանրային կյանքի այլ ոլորտներում, պետությունը միակ դերակատարը չէ. քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները ևս այն կարևոր գործընկերներն են, որոնք լրացնում են ոչ ֆորմալ կրթության պահանջը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով փափուկ հմտություններ, առաջնորդություն, ձեռներեցություն, բանակցային հմտություններ և մի շարք այլ դասընթացները, որ հազարավոր երիտասարդներ կարողացել են սովորել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ծրագրերի շնորհիվ։

Ամփոփելով ելույթը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում` մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին:

ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երիտասարդների կարողությունների զարգացման նախաձեռնությունները միշտ կարևորվում են ՀՖՀՀ–ի կողմից, քանի որ դրանք ևս մեկ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ ձեռք բերելու աշխատաշուկային անհրաժեշտ փափուկ հմտությունները:

Միջոցառման ընթացքում «Երիտասարդների զարգացում» ծրագրի մանրամասները և 2023 թվականին սպասվող անելիքները ներկայացրել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության կենտրոնի տնօրեն Էլինա Մարգարյանը:

««Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության առանցքային ուղղություններից մեկն է: Լինելով հասարակության պատասխանատու անդամ՝ մենք նպաստում ենք երիտասարդների հմտությունների և ինքնակրթության զարգացմանը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնմանը, որն էլ, իր հերթին, միտված է Հայաստանում գործազրկության նվազեցմանը։ 2022 թվականին «Երիտասարդների զարգացում» ծրագրի դասընթացաշարերին մասնակցել և հավաստագիր է ստացել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող շուրջ 11.000 երիտասարդ»-, նշել է Էլինա Մարգարյանը։

«Երիտասարդների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Այն միտված է 16-30 տարեկան երիտասարդների ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև զբաղվածության խթանմանը: