Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր. տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի և միջոցառումների:

Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժևորել գիրքն ու ընթերցանությունը, նպաստել ընթերցելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, նպաստել գիրքը՝ որպես մշակութային արժեք և մտավոր զարգացման միջոց դիտարկելու գիտակցմանը:

Կրթամշակութային ծրագրեր

Գրադարանի միջոցառումների շարքում հատկանշական է առանձնացնել ավանդաբար անցկացվող «Գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Գիրք նվիրելու օր», «Մայրենի լեզվի միջազգային օր», «Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառ», «Գրադարանավարի օր», «Մանկական գրքի միջազգային օր», «Երեխաների պաշտպանության միջազգային օր» ծրագրերը: Դրանց շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ գրքի ընթերցում-քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր, գրքային ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ՝ գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նկարչական ցուցահանդեսներ, տարվա հոբելյարներին նվիրված միջոցառումներ և այլն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում

Մշակութային միջոցառումներին շարքում իրականացվում է նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը մանուկների և պատանիների շրջանում» ծրագիրը, որի շրջանակում անցկացվում են վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ, մշակութային այցեր:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորման և արժևորման գիտակցության ձևավորումը մանուկների և պատանիների շրջանում, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության մեծացումն ու հանրահռչակումը նոր սերնդի շրջանում:

Կարևորելով գրադարանի դերն ու նշանակությունը սերունդների ձևավորման գործում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում երեխաներին գրքին ու ընթերցանությանը մոտեցնելու նոր մեթոդների ու գաղափարների ներդրման անհրաժեշտությունը՝ գրադարանն իրականացնում է նաև տարաբնույթ կրթական ծրագրեր: Դրանց նպատակն է երեխաների արտադպրոցական ոչ ֆորմալ կրթության ապահովումը, բազմակողմանի զարգացումը և գիտելիքների ձեռքբերման այլընտրանքային միջոցների ստեղծումն ու կիրառումը:

Գրադարանի կրթական ծրագրերի շարքում հատկանշական է առանձնացնել հետևյալ ծրագրերը՝

«Ամառային, աշնանային, գարնանային ճամբարներ»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաների համար: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում են հետաքրքիր, ուսուցողական, կրթական և մշակութային պարապմունքներ, ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ և Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ծրագրի նպատակն է երեխաների ամառային հանգստի, հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ժամանցի արդյունավետ կազմակերպումը:

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում իրականացվում են գրքի ընթերցում–քննարկումներ, գրքի նկարազարդում, վարպետության դաս, գրքախաղ, մշակութային այցեր և այլ հետաքրքիր ու բազմակողմանի կրթամշակութային միջոցառումներ: «Գրքի ճամբար» մարզերի երեխաների համար ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

«Հայրենագիտություն»

Նախատեսված է 7-18 տարեկան երեխաների և պատանիների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են մեր հայրենիքի տեսարժան վայրերն ու պատմությունը: Հայրենաճանաչությանը միտված ծրագիրը նպատակ ունի ստեղծել նախադրյալներ կայացող սերնդի արժեքային համակարգի հարստացման, հայրենի պատմության ու դարավոր մշակույթի հանրահռչակման համար:

«Խնկո Ապոր թանգարանը գրադարանում»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրում ներկայացվում է Խնկո Ապոր կյանքը, ստեղծագործությունները և տիկնիկային բեմականացում նրա առակների հիման վրա: Նպատակն է ծանոթացնել Խնկո Ապոր կյանքին և ստեղծագործական կենսագրությանը:

«Մեծանում եմ ընթերցող»

Նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար: Ծրագիրը ներառում է հեքիաթապատում, հեքիաթի նկարազարդում, զարգացնող խաղեր: Նպատակն է երեխաների մեջ ձևավորել ընթերցելու մշակույթը վաղ տարիքից:

«Գրադարանախաղ»

Նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում այցելուները խաղում են գրադարանի հեղինակային գրական, երաժշտական խաղերը: Նպատակն է խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել հայ և օտարազգի գրականությանն ու երաժշտության ժառանգությանը:

«Ստվերում հեքիաթի հերոսներն են»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են ստվերների թատրոնի պատմությանը՝ երբ է ստեղծվել, որտեղ, ինչ զարգացման փուլեր է անցել և այլն: Սովորում են ինքնուրույն պատրաստել փոքրիկ ընտանեկան ստվերների թատրոն, ապա սիրելի հեքիաթի հերոսների հարթապատկերների շնորհիվ ստվերում ներկայացնում են հեքիաթը: Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել թատրոնի այս տեսակին, ինչպես նաև նպաստել երեխաների երևակայության զարգացմանը:

«Հեքիաթի ստեղծման վարպետության դաս»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Վարպետության դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է՝ ինչպես ստեղծել հեքիաթ, ինչից սկսել, ինչպես կառուցել սյուժեն և այն զարգացնել: Այս հարցերի պատասխաններն ունենալուց հետո մասնակիցները ստեղծում են հերոսներ և զարգացնում պատմություն՝ փոքր խմբերով: Ծրագրի նպատակն է երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը:

«Հեքիաթի նկարազարդման վարպետության դաս»

Նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար: Վարպետության դասի ընթացքում երեխաների հետ ընթերցվում են հեքիաթներ, որոնք նկարազարդում և ներկայացնում են իրենց մատուցմամբ: Ծրագրի նպատակն է երեխաների ստեղծագործ մտքի և երևակայության զարգացումը:

«Մերօրյա պատանի գիտնականները»

Նախատեսված է 10-18 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են աշխարհի պատանի գիտնականները, որոնց օրինակը կարող է վարակիչ լինել և նպաստել հայ պատանիների ներուժի բացահայտմանը, ոգեշնչմանն ու խրախուսմանը:

«Ուզում եմ իմանալ»

Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ծրագրի ընթացքում տրվում են բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ աշխարհում ամեն ինչի մասին, որոնք երեխաներին ներկայացվում են գրքերի միջոցով: Ծրագրի նպատակն է երեխաների շրջանում ձևավորել գրքից ինֆորմացիա ստանալու մշակույթ, որն իր հերթին նախադրյալներ կստեղծի վերջիններիս հուզող հարցերի պատասխանները փնտրել և գտնել գրքերում՝ ավելի մոտենալով գրքին և ընթերցանությանը:

«Աշխարհի շուրջ»

Նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների մշակույթը, պատմությունը, ավանդույթներն ու տեսարժան վայրերը: Ծրագրի նպատակն է ծանոթացնել տարբեր ազգերի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին:

«Ճիշտ և սխալ»

Նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են հայերենում հաճախ հանդիպող լեզվական և ուղղագրական սխալները և դրանց գրության ճիշտ ձևերը: Ծրագրի նպատակն է մայրենի լեզվի պահպանությունը, տարածված սխալների շտկումը և ճիշտ ձևերի կիրառումը:

Հայտնագործությունների պատմություններ

Նախատեսված է 6-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում ներկայացվում են տարբեր հայտնագործությունների պատմություններ: Նպատակն է երեխաների բազմակողմանի զարգացումը ոչ ֆորմալ կրթական դասի միջոցով:

«Երաժշտության գույներ»

Նախատեսված է 6-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում մասնակիցներին ներկայացվում են հայ և օտարազգի կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, երաժշտական գործիքներ: Խորագրի ներքո իրականացվում է նաև «Երաժշտությունը կերպարվեստում» ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները ունկնդրում և նկարում են ներկայացված կոմպոզիտորների ստեղծագործություններից դրվագներ: Ծրագրի նպատակն է երեխաների երաժշտական ճաշակի ձևավորումը, արվեստի այս ճյուղի բազային գիտելիքների ձեռքբերումը:

«Իմ մասնագիտությունը…»

Նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրը ներկայացնում է հանդիպումների շարք տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակն է նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը:

«Նշանավոր հայեր»

Նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար: Ծրագրի նպատակն է ներկայացնել նշանավոր հայերին ու նրանց ունեցած ավանդը տարբեր ոլորտներում:

«Սովորում ենք բարբառներ»

Նախատեսված է տարբեր տարիքի դպրոցականների համար: Ծրագիրը ներկայացնում է լեզվական խաղերի, հայերենի տարբեր բարբառներով բարձրաձայն ընթերցանության, հեքիաթապատումների շարք, որը նոր սերնդին հասանելի և ըմբռնելի ներկայացնում է բարբառների բառային ու հնչյունական առանձնահատկությունները: Ծրագիրը նպատակ ունի ծանոթացնել հայերենի բարբառներին, բանահյուսության միջոցով հասանելի դարձնել տվյալ տարածքի բարբառը, ընթերցողների շրջանում հետաքրքրություն առաջացնել հայերենի բարբառների նկատմամբ:

«Հեքիաթի դեսպաններ»

Նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում հեքիաթներ են կարդում ՀՀ-ում տարբեր երկրների հավատարմագրված դեսպաններ, դեսպանատան ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով: Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային կապեր, մասնակիցներին ծանոթացնել այլ երկրների գրականությանը, գրողներին, կենցաղին, զարգացնել և բարելավել լեզվի իմացությունը լեզվակրի հետ հանդիպումների և քննարկումների միջոցով: