Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին և 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը (դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի):

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը եզակի արտիստական կոլեկտիվ է. թատրոնն ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։ Թատրոնը Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցույթի մրցանակակիր:

Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայաստանյան հյուրախաղերին: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարանի տեղեկացմամբ՝ Յակոբսոնի կապը Հայաստանի հետ ամրապնդվել է նաև Արամ Խաչատրյանի հետ ծանոթությամբ. «Առաջին անգամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Մարինյան թատրոնում. բեմադրիչը Լեոնիդ Յակոբսոնն էր: Շուրջ 800 կոստյում է ստեղծվել այդ ներկայացման համար, և այն համարվել է ամենաշքեղ բեմադրություններից մեկը: Շատ հաճելի է, որ երկու մեծերն աշխատել են համատեղ»:

Ասուլիսին ներկա էին նաև Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչը, բալետի առաջատար պարողներ Ելենա Չերնովան ու Վյաչեսլավ Սպիլչևսկին, որոնք մարմնավորում են գլխավոր հերոսներին: Թատրոնի կազմը ոգևորված է հայաստանյան հյուրախաղերով և հայ հանդիսատեսին խոստացան ցուցադրել նոր «Դոն Կիշոտ»՝ օրիգինալ բեմադրությամբ ու ինքնատիպ մոտեցմամբ:

«Դոն Կիշոտ» բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի:

Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի հետ հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: