ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները: Ատեստավորմանն այս տարվանից կարող է մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:

2024 թվականից սկսած կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ըստ նախարարի՝ սա էական ազդեցություն կունենա ոլորտի աշխատավարձերի բարձրացման առումով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսհաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված դրանց բյուջեներից, փորձ է արվել այդ առումով պետական քաղաքականությամբ ավելի համահարթ և համաչափ մոտեցման տանել նույն աշխատանքի համար վարձատրությունը:

Ըստ այդմ՝ սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝

  • Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 100.000 դրամ:
  • Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 80.000 դրամ:
  • Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 60.000 դրամ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս փուլում ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ. ոլորտի աշխատողների շուրջ 30 տոկոսը հնարավորություն կունենա մասնակցելու կամավոր ատեստավորմանը և ստանալու համապատասխան լրավճար:

Նախատեսվում է, որ դիմումների ընդունումը կմեկնարկի մարտի 15-ից՝ էլեկտրոնային եղանակով: Նախարարի խոսքով՝ տեղեկատվական համակարգը, որը մշակվել է մեկ ամսում, կօգնի ավելի թափանցիկ դարձնել գործընթացը:

Այդ ժամկետում պատրաստ կլինեն նաև ուղեցույցները, որոնք մասնագետներին պատկերացում կտան թեստերի կառուցվածքի և դրանց կազմման տրամաբանության, առաջադրանքների նմուշների վերաբերյալ: ԳԹԿ-ն համապատասխան մասնագիտական բուհերի հետ զուգահեռ իրականացրել է թեստերի մշակման աշխատանքները:

Ատեստավորման գործընթացը, համաձայն նախնական ժամանակացույցի, նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը: Նախարարի խոսքով՝ ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար: «Խրախուսում ենք բոլոր շահառուներին ակտիվորեն դիմել, քանի որ սա լավ հնարավորություն է արտադպրոցական ոլորտում, որտեղ երբեք նման նախադեպեր չեն եղել, ունենալ ավելի լավ աշխատանքային պայմաններ»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ հանրության շրջանում կիրականացվեն համապատասխան իրազեկման աշխատանքներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրել է գործընթացն առցանց իրականացնելու հնարավորությունը, որին ի պատասխան՝ նախարար ժաննա Անդրեասյանը նշել է, որ առցանց թեստավորում գործում է տնօրենների հավաստագրման գործընթացում, որը սկզբունքորեն կիրառելի է նաև ատեստավորման մասով:

«Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքի կարիք կա՝ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման առումով, որպեսզի յուրաքանչյուր առարկայի ուղղությամբ ունենանք բավարար առաջադրանքներ՝ էլեկտրոնային թեստեր գեներացնելու և որակական արդյունք ապահովելու համար: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման մասով, որի գործընթացը սկսել ենք ավելի վաղ, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կունենանք բավարար բազա, որը թույլ կտա այն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Արտադպրոցական ոլորտում գործընթացը նոր է և բավականին առանձնահատուկ, սակայն այս ուղությամբ ևս բավարար աշխատանքներ տանելուց հետո, կարծում եմ, այդ տրամաբանությամբ կկազմակերպվեն աշխատանքները», - շեշտել է նախարարը:

Հայտերի ընդունում

Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների, հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը ևս հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի կայքերում:

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, և նույն էջում էլեկտրոնային եղանակով ստանում են ծանուցում՝ հայտը գրանցված լինելու մասին։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորման կազմակերպում և անցկացում

Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներց կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ-ի տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, կազմվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում և տրամադրվում ԳԹԿ-ին։

ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ: Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքների ամփոփում և բողոքարկում

Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:

Ատեստավորման արդյունքով մանկավարժական աշխատողի լրավճարի տրամադրում

Սահմանված արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`

  1. նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ,
  2. 70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ,
  3. նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով։

Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով նախատեսված առավելագույն աշխատաժամանակը, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։

Հավելենք, որ նախատեսված լրավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։